Իլ-76 ինքնաթիռները վերսկսել են թռիչքները Կրասնոյարսկի երկրամասում` անտառային հրդեհները մարելու համար
Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները գիշերային ընդմիջումից հետո վերսկսել են թռիչքները ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում` անտառային հրդեհների օջախները մարելու համար, գրում է ria.ru-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովի հայտարարությանը հղումով:
«Իլ-76 ինքնաթիռները գիշերային ընդմիջումից հետո վերսկսել են Կրասնոյարսկի երկրամասում թռիչքները՝ անտառային հրդեհները մարելու նպատակով: Ներկայում 8 ինքնաթիռ արդեն ջուր է թափել, 9-րդ և 10-րդ ինքնաթիռները գտնվում են օդում: Ընդհանուր առմամբ 20 թռիչք է նախատեսված»,- հայտնել է նա:
Յուրաքանչյուր ինքնաթիռ լցավորվել է 42 տոննա ջրով։
Կրասնոյարսկի երկրամասում ստեղծվել է ավիախումբ՝ Իլ-76 ինքնաթիռների և 10 ուղղաթիռների մասնակցությամբ։ Օգոստոսի 2-ին՝ ժամը 24:00-ի դրությամբ, ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կա 69 հրդեհի օջախ՝ 26 հազար 459 հեկտար մակերեսով: Շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրություն Է հայտարարվել։











