Կոռուպցիան բացահայտելու գործողություններ ԱԱԾ-ն մշտապես իրականացնում է թե՛ դատական իշխանության շրջանակում, թե՛ գործադիրում, թե՛ նույնիսկ ԱԱԾ-ում, ամեն տեղ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

18:41 • 02.08.19

Միանշանակ շարունակում ենք ասել, որ Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաները չեն եղել ինքնաբուխ հավաքներ, այլ եղել են մի խումբ անձանց կողմից հրահրված պրովակացիա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարցին՝ հանրությանը հայտնի մարդի՞կ են, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել հայտնի են, թե ոչ: Չեմ կարծում, թե լայն շրջանակներին հայտնի են»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որոշակի դավադիր ուժեր կան, որոնք փորձում են պատերազմ հրահրել Արցախում, և հարցին՝ արդյոք ԱԱԾ-ն զբաղվո՞ւմ է այդ ուժերին բացահայտելու ուղղությամբ, նա պատասխանեց. «ԱԱԾ-ն անընդհատ, առանց մեկ րոպե դադարի իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Այսինքն՝ մենք աշխատում ենք 24 ժամ ռեժիմով և մշտապես իրականացնում ենք մեզ օրենքով տրված լիազորությունների շրջանակում բոլոր գործողությունները, որպեսզի ապահովենք ՀՀ, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգությունը»:

Նա հավելեց, որ եթե պարզեն հստակ անուններ և հստակ գործողցություններ լինեն այդ անձանց արարքներում, իրենք միանշանակ կարձագանքեն: «Եվ եթե կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու անձինք, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, նրանք բոլորը անխտիր կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը՝ վարչապետի հայտարարությունից տպավորություն էր, որ արդեն որոշակի տեղեկություններ կան, թե ովքեր են եղել, նա ասաց. «Եկեք ես չփորձեմ մեկնաբանել վարչապետի ասածները և, առհասարակ, քաղաքական հայտարարությունների մեկնաբանություն ես անել չեմ կարող և համարում եմ ոչ կոռեկտ՝ մեկնաբանել քաղաքական հայտարարությունները»:

Անդրադառնալով ֆեյքերի դեմ պայքարին, և ֆեյքի ձերբակալմանը, Վանեցյանն ասաց, որ իրենք երբևիցե «ֆեյք» չենք ձերբակալել: «Մենք ձերբակալել ենք ֆեյքի տակ գործող անձի, որի արարքներում կար հստակ հանցակազմ, շարունակում ենք մեր աշխատանքները ու եթե կլինեն հայտարարություններ և գրառումներ, որոնց մեջ կլինի հանցակազմ, և մենք կկարողանանք հայտնաբերել այդ անձանց, միանշանակ կզբաղվենք:  Ես նորից եմ կրկնում՝ մենք մշտապես զբաղվում ենք մեր աշխատանքներով»,- ասաց նա և նշեց, որ ձերբակալված անձը եղել է Հայաստանի և Իրանի քաղաքացի:

Հարցին էլ՝ ԱԱԾ-ն դատավորների շրջանակում ինչ-որ աշխատանքներ տանո՞ւմ է, հնարավո՞ր է՝ առաջիկայում ինչ-որ բացահայտումներ լինեն նաև դատավորների շուրջ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու գործողություններ ԱԱԾ-ն մշտապես իրականացնում է: Այդ գործառույթները մենք մշտապես իրականացնում ենք թե՛ դատական իշխանությունների շրջանակում, թե՛ գործադիրում, ցանկացած տեղ, այդ թվում՝ ԱԱԾ համակարգում հնարավոր կոռուպցիոն երևույթները բացահայտելու ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: