Սա այն երևույթը չէ, որի դեմ պայքարելու համար հատուկ մարտավարություն է պետք. քահանան՝ գերեզմանաքարերի պղծման դեպքերի մասին (տեսանյութ)

22:04 • 02.08.19

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով շիրմաքարերի պղծման դեպքերին, ասաց, որ դժվար է բացատրություն տալ նմանատիպ երևույթներին: Նրա խոսքով` հնարավոր է, որ այս երևույթն ինչ-որ մարդու հիվանդ երևակայության արդյունքն է:

«Հասարակության կողմից նման երևույթի նկատմամբ միանշանակ վատ արձագանքը հասկանալի է, քանի որ մենք հատուկ վերաբերմունք ունենք մեր ննջեցյալների հիշատակի նկատմամբ, մանավանդ, որ խոսքը մեր հերոս տղաներին է վերաբերում:

Մեկնաբանել և բացատրել՝ ինչ իմաստ ունի ու ինչի համար է կատարվել, կարծում եմ, շատ դժվար է: Ըստ էության, անիմաստ բան է»,- ասաց նա:

Քահանայի խոսքով՝ մարդկանց շատ է անհանգստացնում՝ արդյոք այս երևույթը ինչ-որ կերպ կարող է ազդել իրենց ննջեցյալների հոգիների վրա. «Իրականում որևէ վտանգ կամ վնաս չի կարող լինել ննջեցյալների հոգիներին: Այստեղ պարզապես անհարգալից վերաբերմունք է ննջեցյալների հիշատակի նկատմամբ»:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է պայքարել նման երևույթների դեմ, Տեր Եսային պատասխանեց. «Գերեզմանների պղծման երևույթ միշտ էլ, ցավոք սրտի, եղել է: Սա այն երևույթը չէ, որի դեմ պայքարելու համար հատուկ մարտավարություն է պետք: Մենք չգիտենք՝ ամեն քայլափոխի ինչ կարող է լինել, պարզապես պետք է ապրել, շարունակել մեր ննջեցյալների հիշատակը վառ պահել, երբ կլինեն նման երևույթներ, պետք է սթափ վերաբերմունք դրսևորել»:

Մանրամասները դիտեք տեսանյութում: