Ֆրանսիայում 20 տոննա գոմաղբ են լցրել Մակրոնի կուսակցության գրասենյակի առաջ (տեսանյութ)

20:07 • 02.08.19

Ֆրանսիայում գյուղացիները, որոնք դժգոհ են Կանադայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրից, տոննաներով գոմաղբ են լցրել նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության գրասենյակի մոտ:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, գյուղացիներն ակտիվ բողոքում են ողջ շաբաթ: Նրանք բողոքն արտահայտելու զանազան տարբերակներ են մտածում, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն պայմանագրի վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում նրանք «գրոհել» են նախագահի կուսակցության 15 պատգամավորի` երկրի տարբեր շրջաններում՝ Բուրգունդիայից մինչև Փարիզ:  

Վերջին ցուցադրական ակցիան ֆրանսիացի գյուղացիներն իրականացրել են հարավային Թուլուզ քաղաքում` ուրբաթ գիշեր: Նրանք 20 տոննա գոմաղբ են լցրել «Առաջ, հանրապետություն» կուսակցության գրասենյակի առաջ: Կուսակցությունն ի պատասխան դատապարտել է կատարվածը:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը նշել է, որ ԵՄ-ի և Կանադայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կործանարար է գյուղացիների համար և վերացնում է որակի բոլոր չափանիշները:

Ֆրանսիայի խորհրդարանն անցյալ շաբաթ վավերացրել էր համաձայնագիրը, որը նվազեցնում է առանցքային արտադրանքի մաքսատուրքերն ու հասանելիությունը: