Ժաննա Ֆրիսկեի ընտանիքին ստիպել են «Ռուսֆոնդ»-ին վերադարձնել 13 մլն ռուբլի գումար

23:56 • 02.08.19

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ժառանգներն ամբողջովին վերադարձրել են իրենց պարտքը «Ռուսֆոնդ»-ին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բարեգործական կազմակերպությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 2-ին հիմնադրամի հաշվին է փոխանցվել 13 653 214 ռուբլի, որը կազմում է Ժաննա Ֆրիսկեի ժառանգների պարտքի մնացորդը: Այդ գումարը գանձվել է դատական կատարածուների կողմից՝ 2017-ի դատավճռի համաձայն, որով երգչուհու ժառանգները պարտավորվում էին հիմնադրամին վերադարձնել գումարի մնացորդը, որը հավաքվել էր Ֆրիսկեի բուժման համար և չէր ծախսվել ըստ նշանակության:

Դրամական միջոցների շուրջ ծագած վեճը շարունակվում էր ավելի քան երկու տարի: Հիմնադրամի տվյալներով՝ երգչուհու հաշվին է փոխանցվել 25 մլն ռուբլի, որը հավաքվել էր Անդրեյ Մալախովի Пусть говорят հաղորդման ժամանակ, սակայն ծախսերի մասին հաշվետվության մեջ նշված է եղել 4 մլն ռուբլու չափով գումարի մասին:

Ժաննա Ֆրիսկեն կյանքից հեռացել է 2015 թվականին՝ գլխուղեղի քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: