Գերմանիայում 1 մլրդ եվրո արժողությամբ կոկաինի ռեկորդային խմբաքանակ են առգրավել
Գերմանիայում մաքսային ծառայության աշխատակիցները 4.5 տոննա կոկաին են հայտնաբերել Ուրուգվայից ուղարկված բեռնարկղում: Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, առգրավված թմրանյութի արժեքը գնահատվում է 1 մլրդ եվրո:
Նշվում է, որ թմրանյութն առգրավվել է Համբուրգում երկու շաբաթ առաջ բեռնարկղի ստուգման ժամանակ, որն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյից առաքվում էր բելգիական Անտվերպեն քաղաք:
Փաստաթղթերում նշված է եղել, որ բեռնարկղում սոյայի հատիկներ են գտնվում, սակայն մաքսային ծառայության աշխատակիցները միայն սև պարկեր են տեսել: Նրանք ստուգման ժամանակ ավելի քան 4200 թմրանյութով փաթեթ են հայտնաբերել:
Ինչպես աղբյուրը հաղորդում է, սա Գերմանիայում առգրավված կոկաինի ամենախոշոր խմբաքանակն է, որն արդեն ոչնչացրել են:










