Դեղերի շրջանառությունը ցավոտ հարց է, քանի որ դաշտը կանոնակարգված չէ. Էդգար Խուրշուդյան

11:02 • 02.08.19

11։27

Կատարվել են բավականին աշխատանքներ իրազեկման ոլորտում, այսինքն՝ հանրության շրջանում բարձրացվել է տեսչական մարմնի ճանաչելիությունը, ինչի արդյունքում քաղաքացիների կողմից բազմաթիվ ահազանգեր են եղել, որոնք ստացել են իրենց լուծումները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:

Նա նշեց, որ աշխատում են 4 ուղղությամբ՝ բժշկական սպասարկում և օգնություն, դեղերի շրջանառություն, սանիտարահամաճարակային կանոնների ու պայմաններ պահպանում, աշխատողների անվտանգություն և առողջության պահպանում:

«Դեղերի շրջանառությունը բավականին ցավոտ խնդիր է, որովհետև դաշտը, իրականում, շատ չկանոնակարգված է: Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման վարչությունը կոնկրետ զբաղվում է, թե աշխատողներն աշխատավայրում ինչ պայմաններում են աշխատում, բայց այստեղ բաց ունենք, քանի որ աշխատողների իրավունքների վերահսկողություն, թերևս այս պահին, որևէ մարմին չի իրականացնում, սակայն Ազգային ժողովի ու նախարարությունների հետ ունեցել ենք ակտիվ քննարկումներ, իսկ փաթեթը մշակման փուլում է»,- մանրամասնեց նա:


11։02

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ներկայացնում է իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունը:

Մամուլի ասուլիսին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ:

Ավելի վաղ մամուլում հրապարակումններ էին եղել, որ Էդգար Խուրշուդյանը օգոստոսի 1-ից ազատված է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Նշվում էր, որ վերջին շրջանում լարվել էին նրա հարաբերությունները առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: