Կա լարվածություն, սա ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու կարիք չկա. Տեսչական մարմնի ղեկավարը՝ Արսեն Թորոսյանի հետ հարաբերության մասին
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը չի հերքում, որ իր և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև լարվածություն կա: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց, որ հիմա տեսչական մարմինները պետք է անկախ լինեն՝ ենթակա բացառապես կառավարությանը, այլ ոչ թե լիազոր մարմնին:
Էդգար Խուրշուդյանը նկատեց, որ իր ղեկավարած տեսչական մարմինը բավականին մեծ չափով վերահսկում է նաև Առողջապահության նախարարության կողմից իրականացվող գործընթացները:
«Կարելի է ինչ-որ տեղ նորմալ ու տրամաբանական համարել, որ կա լարվածություն: Սա ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու կարիք չկա, քանի որ բավականին երկար ժամանակ շրջանառվում է: Իմ մոտեցումն այն է, որ եթե ունենում ես վերահսկող մարմին, որը վեր է հանում ու ներկայացնում ոլորտի խնդիրները, ապա կարելի է դրան կոնստրուկտիվ մոտենալ ու լուծում տալ խնդիրներին: Կարծում եմ՝ հավասարակշռվածությունը ժամանակի ընթացքում կգա, քանի որ տեսչական մարմինները, որոնք առանձնացել են լիազոր մարմիններից, կարող են դիսկոմֆորտի նշաններ առաջացնել, որը ժամանակի ընթացքում կհարթվի»,- ընդգծեց նա
Հարցին՝ հնարավո՞ր է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարչապետի մոտ բարձրացրել է Ձեր պաշտոնանկության հարցը, Ձեր Ֆեյսբուքյան այն գրառումից հետո, որ «Գարդասիլով» քաղաքացիների պատվաստման գործընթացի կազմակերպման հետ կապված խախտումներ եք բացահայտել և նյութերն ուղարկելու եք Ազգային անվտանգության ծառայություն, Խուրշուդյանը պատասխանեց, թե կարելի է տարբեր ձևակերպումներ տալ, սակայն փաստն այն է, որ ինքն աշխատում է։
«Այսօրվա դրությամբ պաշտոնանկություն փաստացի չկա, ես փաստացի աշխատում եմ, իրականացնում եմ իմ գործառույթները, և մինչև կլինի համապատասխան հրամանը կամ չի լինի, քանի որ սա որոշում է վարչապետը, տեսչական մարմինն աշխատելու է բնական հունով: Ինչ վերաբերում է «Գարդասիլին» ասեմ, որ հարցում էր կատարվել Ազգային անվտանգության ծառայության կողմից, և մենք մեր ունեցած ինֆորմացիան տվել ենք ԱԱԾ-ին»,–ասաց նա:










