Մեր նպատակը մարդկանց ոգեշնչելն է, որ ՀՀ քաղաքացին դառնա մտքի ակտիվիստ. Նիկոլ Փաշինյան
Մենք ուզում ենք, որ ստարտափը Հայաստանում դառնա մենթալիտետ, որ մարդիկ հավատան իրենց ուժերին, հասկանան, որ բոլորը տաղանդավոր են: Այս մասին «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստարտափի գաղափարը շատ կարևոր է մեզ համար, մեր կառավարության համար: Քանի որ ստարտափ բառը շատ է օգտագործվում, հաճախ հարցնում են՝ ինչ է դա նշանակում: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի փող, ֆինանսական միջոցներ, որ դա կիրառի ու նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել, որ այդ գաղափարը կհաղթի ու պոտենցիալ ներդրողն էլ կաջակց իգաղափարի իրականացմանը»,- ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակակից Հայաստանում շատ կարևոր է գաղափարի ընդգրկումն ընդլայնել, այն տարածել հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա:
«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր կարողացան համոզել, որ հաղթելու ենք ու հայությունը ներդրում ունեցավ գաղափարի իրագործման մեջ»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ շատերը բողոքում են, թե չկա գումար, իսկ կառավարությունը համոզումէ, որ կարևորը ոչ թե փողն է, այլ՝ գաղափարը, հաղթական գաղափարը:
«Սա է նոր Հայաստանի էությունը. Ճիշտ մտածված գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն: Մենք մարդկանց հրավիրում ենք օգտվել իրենց գաղափարները կյանքի կոչելու բացառիկ հնարավորությունից: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսվում է մտքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ «Նոր Հայաստանը» ստարտափ է, որն այնպիսի թափ է հավաքել, որը կանգնեցնել չի լինի: «Ապագայի Հայաստանն անպայնման հաղթելու է»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «նպատակը յուրաքանչյուր քաղաքացու ոգեշնչելն է, որ նա դառնա մտքի ակտիվիստ»:










