Ինդոնեզիայում գետն ամբողջությամբ ծածկվել է աղբի թափոններով (լուսանկարներ)

11:51 • 02.08.19

Ինդոնեզիայի Ճավա կղզում Բահագիա գետն ամբողջությամբ կենսաբանորեն չքայքայվող աղբի թափոններով է լցվել, գրում է Daily Mail-ը:

Արդեն մի քանի ամիս է՝ գետի աղտոտումը շարունակվում է: Տեղի իշխանությունների համաձայն՝ աղբի թափոնները գետ են բերվել հոսանքն ի վար ընթացող ջրերի կողմից:

Օգոստոսի 1-ից սկսվել են գետի մաքրման աշխատանքները, որոնց մասնակցում են տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ոստիկաններ, զինվորականներ և կամավորներ: Աղբը լցվում է տոպրակների մեջ, որոնք իրենց հերթին աղբահան բեռնատարների մեջ են տեղավորվում:

Չնայած գետը ողողած աղբի թափոնները հիմնականում կենցաղային աղբից են բաղկացած, դրանք կուղարկվեն վերամշակման: Ինդոնեզիան մի քանի հարևան երկրների հետ միասին արևմտյան հարուստ երկրներից աղբ է ընդունում, որն այնուհետև վերամշակման է ենթարկվում, սակայն վերջին ամիսներին երկրի իշխանությունները սկսել են վերջ տալ այդ երևույթին՝ փորձելով խուսափել արևմտյան երկրների համար աղբանոց ծառայելուց:

Ընդհանուր առմամբ գետում կուտակված աղբի քաշը մոտ 400 տոննա է: Մաքրման աշխատանքներին խոչընդոտում են գետի ափերի երկայնքով կառուցված ավելի քան 200 հյուղակները, որոնց պատճառով հնարավոր չէ տարածքում աղբահանման ծանր տեխնիկա օգտագործել:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալներով՝ տարեկան շուրջ 300 տոննա պլաստմասսա է արտադրվում, որի մեծ մասն աղտոտում է Համաշխարհային օվկիանոսը, ինչը վերջին շրջանում արագ զարգացող միջազգային ճգնաժամի է հանգեցրել: