Սիրիա այցելած բրիտանացի ճանապարհորդը լուսանկարների միջոցով ցույց է տվել երկրում պատերազմի աղետալի հետևանքները (լուսանկարներ, տեսանյութ)

09:16 • 02.08.19

Բրիտանացի ճանապարհորդ Ջեյմս Բինգհեմը մեկնել է Սիրիա՝ լուսանկարելու պատերազմից ոչնչացված քաղաքներն ու բնակավայրերը, գրում է Daily Mail-ը:

Լուսանկարներն արված են Դամասկոս, Հոմս և Հալեպ քաղաքներում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող Պալմիրա հնավայրում, որը մեծապես տուժել է պատերազմից:

Լուսանկարներում պատկերված են փլված տներ, քարուքանդ արված փողոցներ, ռումբերի պայթյունից առաջացած մեծ փոսեր, սակայն միևնույն ժամանակ լուսանկարիչն ուշադրություն է հրավիրել երբեմնի ավերված հյուրանոցին, որը կրկին գործում է սուղ պայմաններում, բազմաթիվ վնասումներից հետո վերականգնված մզկիթին և ժպտացող երեխաներին, ինչը, նրա խոսքով, հույս է ծնում:

«Սիրիա կատարած այցն իմ կյանքի՝ մինչ այժմ ինձ ամենամեծ բավականությունը պատճառած փորձառությունն էր: Ես բացահայտեցի, որ Սիրիան աշխարհի ամենագեղեցիկ երկրներից է, որտեղ, չնայած պատերազմին, տեսնելու ու ճանաչելու շատ բան կա: Դա բազմաթիվ հակադրությունների երկիր է»,- ասել է Բինգհեմը:

Ճանապարհորդն ընդգծել է, որ ամենուր ջերմ ընդունելության է արժանացել: Նա մոտ ապագայում կրկին այդ երկիր այցելելու հույս է հայտնել:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011թ.-ին՝ նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ համազգային ցույցերից հետո: Հետագայում այն կառավարության ուժերի և ապստամբ զինյալների միջև քաղաքացիական պատերազմի էր վերածվել: Այն մեծապես ավերել են նաև ահաբեկիչները: