Գուսանագյուղում կայծակի հարվածից մարդ է մահացել
Օգոստոսի 2-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում։ Այս մասին տեղեկացնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը:
Գյուղի բնակիչ, 1954թ-ին ծնված Վանիկ Մելքոնյանը կայծակնահարվել է և տեղում մահացել։ Ուժեղ անձրևի ժամանակ Վ․ Մ․-ը համագյուղացի Գևորգ Սահակյանի հետ փորձել են պատսպարվել գյուղի տարածքում գտնվող հին կառույցներից մեկում։
Գևորգ Սահակյանը վիրավորվել է, նրան տեղափոխել են «Գյումրի» ԲԿ։ Tert.am-ի հետ զրույցում Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշեց, որ կայծակի հարվածից Վանիկ Մելքոնյանը տեղում է մահացել, իսկ մյուս համագյուղացուն բերել են հիվանդանոց ոչ թե կայծակնահարության նշաններով, այլ նևրոզ վիճակով:
«Երեկ երեկոյան է եղել, կայծակնահարության նշաններ չեն եղել, ուղղակի նևրոտիկ վիճակում է եղել՝ պայմանավորված վախի հետ»,-ասաց նա և նշեց, որ Գևորգ Սահակյանը ամբուլատոր ստուգում է անցել և գնացել:










