ԱՄՆ ընտրություններին «ռուսական միջամտության» հետաքննության համար ԱՄՆ-ն գրեթե 32 մլն դոլար է ծախսել

19:20 • 03.08.19

ԱՄՆ ընտրություններին «ռուսական միջամտության» հետաքննությունը, որով զբաղվել է ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, ամերիկացի հարկատուների վրա արժեցել է գրեթե 31,6 մլն դոլար: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով օգոստոսի 2-ին հրապարակված Արդարադատության նախարարության զեկույցը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Մյուլլերի աշխատակազմի աշխատակիցները երկու տարվա աշխատանքի ընթացքում (2017-ի մայիսից մինչև 2019-ի մայիսը) ստացել են 9,7 միլիոն դոլարի աշխատավարձ:

Բացի այդ, տարածքի վարձակալության, կապի և կոմունալ ծառայությունների համար ևս մեկ միլիոն դոլար է պահանջվել։

Ուղևորության համար աշխատակիցների ծախսերը կազմել է 1,6 մլն դոլար։  Նրանք նաև 902 հազար դոլար են ծախսել պայմանագրային ծառայությունների համար, որոնք հիմնականում ներառում են տեխնիկական միջոցների միջոցով տեղեկատվության փոխանցումը:

Նախկին հատուկ դատախազի աշխատակազմը հետաքննությանը ներգրավել է 19 իրավաբանների։ Մյուլերը դիմել է նաև ՀԴԲ-ի (Հետաքննությունների դաշնային բյուրո) 40 գործակալների, հետախուզական տեղեկատվության վերլուծության աշխատակիցների, դատական աուդիտորների և այլ մասնագետների օգնությանը:

Քննության արդյունքում մեղադրանք է առաջադրվել 34 մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի 26 քաղաքացու։

Ապրիլին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հրապարակել էր Մյուլերի զեկույցը՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի նախագահի ենթադրյալ համաձայնության մասին երկամյա հետաքննության արդյունքների վերաբերյալ:

Հատուկ դատախազը հայտարարել էր, որ ՌԴ-ն միջամտել է 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, սակայն Թրամփի ընտրական շտաբը դրան չի մասնակցել: