Իրանը Պարսից ծոցում կրկին նավթային լցանավ է կալանել. լրատվամիջոցներ

16:09 • 04.08.19

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում օտարերկրյա նավթային լցանավ է կալանել, որը նավթ էր տեղափոխում դեպի արաբական երկրներ, հաղորդում է BBC-ն՝ Իրանի պետական հեռուստատեսությանը հղումով:

Հաղորդման համաձայն՝ լցանավը մաքսանենգությամբ 700 000 լիտր վառելիք է տեղափոխելիս եղել, անձնակազմի 7 անդամները կալանավորվել են:

Հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի և Իրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խստացրել էր Իրանի նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցները:

Սա Իրանի կողմից նավթային լցանավի կալանման արդեն երկրորդ դեպքն է: Հուլիսի 13-ին Իրանի առափնյա անվտանգության աշխատակիցները Պանամայի դրոշի տակ նավարկող նավ էին կալանել: Ավելի ուշ Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ էր կալանվել:

ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին պայթուցիկ սարքերի միջոցով մայիսին և հունիսին Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակման համար: Իրանական կողմը հերքում է մեղադրանքները: