Շանգալի եզդիների ցեղասպանությունից 5 տարի անց էլ եզդիները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. Ռուստամ Բաքոյան
Շանգալի եզդիների ցեղասպանությունից 5 տարի է անցել, սակայն, ցավոք, եզդիները դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և կյանքի բարելավման համար անհրաժեշտ փոփոխություններ այդպես էլ մինչև օրս չեն կատարվում: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նա նկատեց, որ օրհասական մի շարք խնդիրներ կան, որոնք պահանջում են շտապ լուծումներ, օրինակ՝ ճամբարներում հիվանդությունները շատ են, կրթության բացարձակ ոչ մի որակ չկա, նույնիսկ տառաճանաչության խնդիր գոյություն ունի: Այս ու եզդի ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ լուծում կգտնեին, եթե լիներ եզդիական միասնություն, կարծում է Ռուստամ Բաքոյանն ու ցավով արձանագրում, որ մինչև այս պահն այդպիսի միասնություն գոյություն չունի:
«Եզդիական միասնություն մինչև այս պահը գոյություն չունի, որովհետև տարբեր քաղաքական ուժեր միշտ փորձել են ու հիմա էլ փորձում են եզդիներին պառակտել, և դա իրենց հաջողվում է: Միասնական չեն եզդիներն այս հարցում, որպեսզի կարողանան միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններին ներկայացնեն իրենց խնդիրները և աշխատանք տանեն այս ուղղությամբ»,- ասաց ազգությամբ եզդի պատգամավորը:
Միևնույն ժամանակ, եզդի պատգամավորը տեղեկացրեց, որ առանձին անհատներ, օրինակ՝ Նադիա Մուրադը, «Յազդա» միջազգային կազմակերպության ղեկավարը, Միրզա Դինային որոշակի քայլեր կատարում են այս ուղղությամբ: Նա նկատեց, որ չնայած շատ ընտանիքներ կարողացել են գաղթել, բայց շուրջ 3000-ից ավելի, ըստ որոշ տեղեկությունների՝ մոտ 50 հազար ընտանիք դեռ ճամբարներում է:
«Շուրջ 100 հազար եզդիներ գաղթել են դեպի Գերմանիա, եվրոպական այլ երկրներ, Կանադա, Ավստրալիա, բայց բազմաթիվ ընտանքիներ դեռ ճամբարներում են: Եզդիները գտնվում են վատ պայմաններում, և պետք է աշխարհը նրանց ձեռք մեկնի ու օգնի այդ վիճակից դուրս գալու համար»,- եզրափակեց Ռուստամ Բաքոյանը:










