Սիրիայի նախագահի կինը բուժվել է քաղցկեղից
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա Ասադը մեկ տարվա բուժումից հետո հաղթահարել է օնկոլոգիական հիվանդությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նախագահական պալատի մամլո ծառայությունը:
«Քաղցկեղի դեմ պայքարի ճանապարհն ավարտելուց հետո, որն սկսվել է մեկ տարի առաջ մեծ ուժով և հավատով, Սիրիայի ղեկավարությունը և նախագահական գրասենյակի աշխատակիցները շնորհավորում են տիկին Ասմային հիվանդության դեմ նրա հաղթանակի առթիվ», - գրել է մամլո ծառայությունը Telegram-ում:
Ի պատասխան երկրի առաջին տիկինը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուր սիրիացուց, որն աջակցել է իրեն: Նա ապաքինում է մաղթել բոլոր հիվանդներին, ինչպես նաև «աստծո օգնությամբ» խաղաղություն և բարգավաճում՝ Սիրիային:
2018-ի օգոստոսին Ասմա Ասադի մոտ կրծքագեղձի չարորակ ուռուցք էր հայտնաբերվել վաղ փուլում: Հունվարի վերջին նա հաջող վիրահատության էր ենթարկվել:










