Կահիրեի հիվանդանոցի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է 47 մարդ (լուսանկար)
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորվել է 47 մարդ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ տեղական աղբյուրներին հղումով:
Պայթյունը որոտացել է կեսգիշերին՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի մերձակայքում գտնվող ճանապարհին: Դեպքի վայրից լուսանկարը, որը հրապարակել է Եգիպտոսի խոշորագույն «Ալ Ահրամ» թերթը, արվել է միջադեպից անմիջապես հետո: Լուսանկարում երևում են երկու այրված մեքենաներ, որոնցից առնվազն մեկը պայթյունի ուժգնությունից միանգամայն սևացած է և ջարդուփշուր եղած:
Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պայթյունի վայր է ուղարկվել 42 շտապօգնության մեքենա՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, որոնց թվում եղել են բազմաթիվ այրվածքներով և կոտրվածքներով մարդիկ: Չորսը մնում են վերակենդանացման բաժանմունքում։ Մոտ 45 հիվանդ տեղափոխվել է այլ հիվանդանոցներ։
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել Քաղցկեղի ազգային ինստիտուտի տարածքում կայանված ավտոմեքենայում գտնվող թթվածնային բալոնը: Պայթյունը մեծ վնասներ է հասցրել նաև հիվանդանոցի շենքին:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ դեպքն ահաբեկչական գործողության հետևանք չէ:











