Հոնկոնգում այսօր առավոտյան արտահանձնման մասին օրինագծի հակառակորդները կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը (լուսանկարներ)

11:21 • 05.08.19

Հոնկոնգում այսօր առավոտյան համազգային գործադուլի շրջանակում վիճահարույց արտահանձնման մասին օրինագծի հակառակորդները կաթվածահար են արել տրանսպորտային հաղորդակցությունը:

Ցուցարարներն արգելափակել են ճանապարհներն ու թունելները, խախտել գնացքների ու ավտոբուսների երթևեկությունը, հայտնում է RTHK ռադիոկայանը: Չեղարկվել է ավելի քան 100 չվերթ՝ մասնավորապես տեղական Cathay Pacific և Hong Kong Airlines ավիաընկերությունների: Հոնկոնգի միջազգային օդանավակայանում գործում է միայն մեկ թռիչքուղի: 

Առավոտյան ծանրաբեռնված ժամերին ծայրահեղ տրամադրված ակտիվիստները սկսել են արգելափակել մետրոյի գնացքների դռները՝ սեղմելով «տագնապի» ազդանշանը: Սա խախտել է մի քանի ճյուղերի աշխատանքը:

Ակնկալվում է, որ համազգային գործադուլին կմասնակցի ավելի քան 500 000 քաղծառայող: Ընդդիմադիր ուժերը կոչ են անում Հոնկոնգի բնակիչներին միանալ զանգվածային գործադուլին:

Նրանց պահանջը նույնն է՝ ամբողջությամբ հետ կանգնել արտահանձնման մասին օրենքում փոփոխությունների գաղափարից ու հետաքննել բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները:

Իշխանությունները զգուշացրել են, որ անկարգությունները կարող են բացասաբար ազդել քաղաքի տնտեսության վրա:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Շաբաթներ առաջ, մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:

Եթե արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն ընդունվեն, դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:

 

Օգոստոսի 4-ի բողոքի ցույցերը՝ ֆոտոշարքով.