Արքայազն Չարլզին առաջարկել են նկարահանվել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզին առաջարկել են նկարահանվել Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում: Մասնավորապես, թագավորական տան անդամին հրավիրել են կերտելու հենց իր կերպարը, երբ նա այցելել է ֆիլմի նկարահանումների հրապարակ և հանդիպել դերասան Դենիել Քրեյգի հետ, գրում է The Sun պարբերականը:
«Արքայազն Չարլզը Մեծ Բրիտանիան ներկայացնող հրաշալի օրինակ է, և Բոնդի՝ աշխարհով մեկ սփռված երկրպագուներին դա հաստատ դուր կգա»,-հայտնել է նկարահանող խմբին մոտ աղբյուրը՝ հստակեցնելով, որ «պրոդյուսերներն այս գաղափարին են հանգել, քանզի նախագիծը մի շարք անհաջողությունների է բախվել»:
Հունիսին պայթյունի հետևանքով փլուզվել էր նկարահանման հրապարակի մի մասը, վնասվել էր դերասաններից մեկը, մայիսին Քրեյգը վնասվածք էր ստացել, իսկ անցյալ տարվա օգոստոսին նախագծից հեռացել էր ռեժիսոր Դենի Բոյլը:
Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի հերթական մասի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի ապրիլին:
2012-ին Էլիզաբեթ 2-րդ թագուհին մասնակցել էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ նկարահանված հոլովակին։ Դրանում Ջեյմս Բոնդը (Դենիել Քրեյգ) նրա հետևից եկել էր Բուքինգհեմյան պալատ, և նրանք միասին ուղղաթիռով ուղևորվել էին խաղերի բացման արարողությանը:














