ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը ազատ է արձակվել
Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի («Շշի Մելո») եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Մանուկյանի պաշտպան Վահե Դանիելյանը:
Մանուկյանի պաշտպանը տեղեկացրեց, որ դատարանը որոշում է կայացրել՝ ձերբակալությունը ոչ իրավաչափ է:
«Ես բողոքարկել էի ձերբակալությունը դատարան, քանի որ բացակայում էին ձերբակալության և՛ նպատակը, և՛ հիմքերը: Դատարանն օբյեկտիվորեն քննություն արեց և կայացրեց արդարացի որոշում, որ ձերբակալությունը կատարվել է անօրինական կերպով»,- ասաց Վահե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 38-332 -րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով: Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 38-332-րդ հոդվածը սահմանում է արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելուն օժանդակելը։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ:










