Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը նոր առաջնորդ ունի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգևոր դասին և հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը:










