Իրաքում եզդիների ցեղասպանության 5-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է անցկացվում մետրոյի «Երիտասարդական» կայարանում (տեսանյութ, լուսանկարներ)

11:53 • 05.08.19

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում անցկացվում է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանության 5-րդ տարելիցին։   

«Հարյուր տարի անց․․․» լուսանկարների ցուցադրությունը պատմում է 2014 թվականին Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին։

Tert.am-ի հետ զրույցում եզդի լրագրող Բորիս Մուրազին ասաց, որ ցուցահանդեսում ներառված են կադրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել չորս տարի առաջ. «Ցանկացողներին նաև գիրք են բաժանում, որը կոչվում է «100 տարի անց»: Մեզ համար սա ինչ-որ իմաստով Հայոց ցեղասպանության կրկնությունն է. գործողությունները, նպատակը նույնական են և դրա համար գիրքը կոչեցինք «100 տարի անց»: Այս անգամ էլ միջազգային հանրությունը ուղիղ եթերով լուռ հետևեց եզդիների ցեղասպանությունը, և ոչինչ չարվեց»:

Նշենք, որ ըստ տարբեր աղբյուրների՝ եզդիների ցեղասպանությունն ավելի քան 20 հազար մարդու կյանք է խլել: Դրանից հետո հազարավոր եզդիներ անհետ կորել են, 3000-ից ավել եզդի կանայք և աղջիկներ հայտնվել են գերության մեջ։

Հայաստանն այդ ժամանակ օգնության ձեռք է մեկնել եզդի ժողովրդին։ Դեռևս 2014 թվականի օգոստոսին Հայաստանը 100 հազար դոլար օգնություն է տրամադրել ՄԱԿ փախստականների գրասենյակին, որը պետք է այն Իրաքում ծախսեր եզդի փախստականների կարիքների համար։ Հայաստանը նաև առաջին պետություններից էր, որ պաշտոնապես ճանաչեց 2014 թվականի իրադարձությունները՝ որպես ցեղասպանություն։