Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք․ մասնակցում էին ՀՀ վարչապետն ու Արցախի նախագահը (տեսանյութ, թարմացված)
20.28
Հանրահավաքին ելությով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձավ ՀՀ-ի ու Արցախի ընդհանրություններին, ռազմավարությանն ու համահայկականության հարցերին: ՀՀ վարչապետն առաջ բերեց մի քանի կոնսենսուսներ: Նա նշեց, որ համահայականության առաջարկվող տրամաբանություն իսկապես կարող է գոյություն ունենալ և արդյունավետ լինել, եթե երկու երկրները հենվեն համահայկական մի քանի կոնսենսուսների վրա, և այս հարցերում արձանագրեն ազգային համերաշխանությունը:
«Հայաստանի Կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի երկարատև զարգացման մեգանպատակների շուրջ, որոնք, մեր կարծիքով պետք է համախմբեն համազգային ներուժը, կենտրոնացնեն մեր ազգային ռեսուրսները այդ նպատակին հասնելու համար:
Մինչև 2050 թ. պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, 7-ապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն-ի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- նշեց Ն.Փաշինյանը:
19.51
Հանրահավաքին ուղերձով հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նա նշեց, որ համազգային այս հավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին. Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, կազդարարվի 7-րդ Համահայկական խաղերի մեկնարկը:
Բակո Սահակյանն իր խոսքում ընդգծեց, որ Արցախի ընտրած ուղին անշրջելի է, և, անկախ այս կամ այն իրադարձությունից, մենք գնալու ենք առաջադրանների ու երազանքների իրագործմանն ընդառաջ, մենք հետևողականորեն աշխատանքներ ենք իրականացնելու՝ Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով մեր գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք:
19.13
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկում է հանրահավաքը, որի ընթացքում ելույթ են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախի մայրաքաղաքի հրապարակում ելույթ է ունենալու Համահայկական խաղերի բացման նախօրեին: «Ընդհանուր առմամբ մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում անելը և սրանից բխող հետևություններ անելը», - ասել էր նա:
Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, իսկ փակումը՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:










