Նորածինը մահացել է թթվածնային քաղցից. հարազատների պնդմամբ՝ երեխային ժամանակին չեն տեղափոխվել ԲԿ, հիվանդանոցից հակադարձում են

14:00 • 05.08.19

 Tert.am-ի տեղեկություններով օգոստոսի 2-ին ժամը 14:20-ի սահմաններում «Բեգլարյան կենտրոն» հիվանդանոցից նորածին երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ կարճ ժամանակ մնալուց հետո, երեխան մահացել է:

Tert.am-ի հետ զրույցում երեխայի հորեղբայրը՝ Գևորգ Ղազարյանը, պատմեց, որ հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, 7.5 ամսականում ծնվել է եղբոր տղան և, ըստ երևույթին, շնչառական բարդություններ է ունեցել:

«Երեխան ծնվել է «Բեգլարյան կենտրոնում» հինգշաբթի, արդեն ուրբաթ օրը  երեխայի կապտուկներն անցել էր, սկսել էր ինքնուրույն շնչել, հետո կտրուկ վատացել էր վիճակը  և պետք էր տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ես այս մասին իմացել եմ 12:20 րոպեին, սակայն երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել երկու ժամ ուշ՝ 14:20 րոպեին»,- պատմեց նա:

Գևորգ Ղազարյանը նշեց, որ երեխայի տեղափոխելը պայմանավորված է եղել նրանով, որ ասում էին՝ «Բեգլարյան կենտրոնում» շնչառական ապարատն է փչացել: «Ասացին, որ փչացել է, պետք է շուտ իջացնեն «Աստվածայր»: Անընդհատ սպասում էինք, որ Մուրացանի ռեանիմոբիլը գա, բայց չկար: Հետո պարզվեց՝ մեկը գնացել է Գորիս, մյուսն էլ չկա, վարորդ չունի, որ գա, իսկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր, սակայն երկու ժամ հետո նոր տեղափոխեցին»,- ասաց նա:

Նա նշեց, որ վարորդն իրեն ասել է, որ իրեն տանից են կանչել: «Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր», որտեղ էլ երկու ժամից մահացել է»,- պատմեց Գևորգ Ղազարյանը:

Երեխայի հորեղբայրը պատմեց, որ զանգել է առողջապահության նախարարության թեժ գիծ: «Ինձ ասացին, թե երկու ժամ չի եղել կանչը, ժամ ու կես է եղել: Ես ասացի, որ նույնիսկ ժամ ու կեսի դեպքում էլ երեխայի համար շատ մեծ խնդիր էր, պետք է ընդամենը 5 կամ մաքսիմում 15 րոպե ուշացում լիներ, այլ ոչ թե ժամ ու կես: Ասաց՝ դե երեխան 3-րդ կարգի հիվանդանոցում է եղել, նորմալ էր, հսկողության տակ է եղել: Ասում եմ՝ եթե երեխան շատ լուրջ հսկողության տակ էր, ուրեմն կարիք էլ չպետք է լիներ, որ «Աստվածամայր» ուղարկեիք, եթե որոշում կար, որ պետք է տեղափոխվեր «Սուրբ Աստվածամայր», ուրեմն անհապաղ պետք է տեղափոխվեր, ոչ թե երկու ժամ հետո»,- պատմեց նա:

«Բեգլարյան կենտրոնի» մանկական բաժնից էլ Tert.am-ի հետ զրույցում Հրանուշ Մարգարյանը հայտարարեց, թե երեխայի մահվան պատճառը մեքենայի ուշացումը չի եղել, որովհետև երեխան բուժվում էր, այն, ինչ պետք է ստանար, ստանում էր:

«Երեխան փողոցում չէր, նա այստեղ ստանում էր թոքերի արհեստական շնչառություն, կաթիլային, անտիբիոտիկներ, այն ամբողջ բուժումը, որն ինքը պետք է ստանար՝ ըստ պրոտակոլի»,- նշեց նա:

Հարցին՝ եթե ստանում էր անհրաժեշտ բուժումը, այդ դեպքում ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ տեղափոխելու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, նա ասաց. « Տեղափոխման պատճառն այն էր, որ մենք երկրորդ կարգի բուժհիմնարկություն ենք, պետք էր, որ երեխան ավելի ընդլայնված, ավելի մասնագիտացված բուժում ստանար, թե չէ ինքը բուժում այստեղ ստացել է, իսկ մեքենայի ուշացումը բացարձակ չի անդրադարձել, պարզապես հիվանդության ընթացքն է եղել այնպիսին, որ երեխան մահացել է: Հնարավոր է, որ երեխան երկու ժամ շուտ էլ տեղափոխվեր, էլի նույն ընթացքը լիներ, դա չէր մահվան պատճառը, ես դա որպես բժիշկ եմ ասում»:

Դիտարկմանը՝ փաստն այն է, որ մեքենան երկու ժամ ուշացել է, ասաց. «Մեքենան չի ուշացել, ես կանչը տվել եմ, բայց քանի որ Գորիսից եղել է զուգահեռ կանչ և Գորիսը հեռու հիմնարկ է, գնացել են այնտեղ, իսկ այս դեպքում տանից հրավիրվել է երկրորդ բուժանձնակազմը: Մենք այդպես ենք անում, առաջին անգամ չէ, այդպիսի փորձ ունենք»:

Ըստ Հրանուշ Մարգարյանի՝ երեխայի տեղափոխումը հրատապ չի եղել, այդ պատճառով էլ  հրավիրվել է երկորրդ մեքենան և երկրորդ մեքենայի անձնակազմի միջոցով երեխան տեղափոխվել է: «Այստեղ ուշացման հարց չի եղել, եթե դա հարց լիներ, ինքս կահազանգեի, խնդիրն այն է, որ, պարզապես, երեխայի հիվանդությունը շատ կայծակնային ընթացք է ստացել»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ երեխան ծնվել էր ժամանակից շուտ և անմիջապես ծնվելուց հետո երեխայի մոտ զարգացել են շնչական խնդիրներ: «Համապատասխան բուժումից հետո երեխայի վիճակը որոշ չափով կայունացել էր, այսինքն՝ նա դուրս էր եկել կրիտիկական վիճակից: Հետո տեսել ենք, որ շնչական խնդիրները խորանում են, միացվել է բարձր հոսքով շնչական ապարատը, ծնողները միշտ եկել են, տեսել են երեխային, ազատ մուտք ու ելք է եղել: Իրենք տեսել են իրենց երեխայի վիճակը, իմացել են, որ երեխան ունի խնդիրներ, ապարատի վրա որոշ չափով կայունացել է»,- նշեց նա և հավելեց.

«Ուրբաթ առավոտյան զգացի, որ երեխայի շնչառությունը ոչ թե կորեկցվում է, այլ դոփում է նույն տեղում՝ չնայած մեր բուժմանը, այդ պատճառով որոշվեց տեղափոխել երեխային ավելի բարձր մակարդակի բուժհաստատություն, որտեղ ավելի ընդլայնված կկատարվեին և հետազոտությունները, և բուժումները: Մենք մեր ծննդատան հնարավորին սահմաններում բոլոր հետազոտություններն արել էինք, բուժումը ստացել էր»:

Նա ևս մեկ անգամ նշեց, որ երեխայի վիճակը կայուն էր, դրա համար որոշվել էր, որ կարող են սպասել երկրորդ բուժանձնակազմին:

Դիտարկմանը՝ կարո՞ղ է վստահեցնել՝ եթե երեխան ժամանակին տեղափոխվեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, ապա էլի մահ կգրանցվեր, նա պատասխանեց, որ չի բացառվում: «Բայց վստահ չեմ կարող ասել, երեխայի առողջության հետ կապված ոչ մեկ վստահ չի կարող այդպիսի բան ասել: Սա հիվանդության հետ է կապված և տարբեր ընթացքներ կարող են լինել, ես իրավունք չունեմ ոչինչ ասել, կարող եմ միայն ենթադրել, որովհետև վերջնական դիագնոզը տրվում է հերձումից հետո: Կարող եմ ասել, որ կայծակնային ընթացք է տեղի ունեցել: Մեզ մոտից երեխան գնացել է կայուն վիճակում, ծնողները կողքս են եղել, մինչև տեղափոխման վերջին պահը, այնպես չէ, որ գաղտնի բան ենք արել»,- ասաց նա:

«Սուրբ Ասվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն էլ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեպքին՝ ասաց. «Մեզ մոտ կարճ ժամանակ է եղել երեխան, ծնվել է «Բեգլարյան կենտրոնում», ժամանակից շուտ, ըստ բժիշկների, խնդիրներ են առաջացել մոր մոտ, երեխան ծննդատանը գտնվել է օժանդակ շնչառական պայմաններում, մի քանի ժամ անց, երբ մտածել են, որ շնչառությունը երեխայի մոտ չի բավականացնում, նոր տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ, մեզ մոտ միացվել է երեխան արհեստական շնչառական սարքին, բայց արդեն այդ միացված ժամանակ չէր յուրացնում թթվածինը, դրա համար արդեն 2 ժամ անց արդեն թթվածնային քաղցից մահ է գրանցվել»:

Հարցին՝  եթե շուտ տեղափոխվեր, հնարավո՞ր է՝ մահ չգրանցվեր, ասաց, որ չի կարող ենթադրություններ անել: