Վրաստանի իշխանությունները հայտնել են ռուս զբոսաշրջիկների թվի նվազման մասին

14:24 • 05.08.19

Ռուսաստանից Վրաստան այցերը հուլիսին կրճատվել են 6,4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին:

Նրա խոսքով՝ 2018 թվականի հուլիսին երկիր է այցելել Ռուսաստանից ավելի քան 169 000 այցելու, իսկ 2019-ի հուլիսին՝ մոտ 159 000:

Կվրիվիշվիլին հավելել է, որ ճանապարհորդների թիվը, որոնք Վրաստան են ժամանել օդային ճանապարհով, հուլիսին կրճատվել է 48,8%-ով, փոխարենը 7%-ով ավելացել է ցամաքային ճանապարհով երկիր այցելածների թիվը: 

«Չնայած ստեղծված իրավիճակին՝ մի բան հստակ է, որ ռուս զբոսաշրջիկների մոտ կա Վրաստան այցելելու ցանկություն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության նկատառումներով և գործելու է ժամանակավոր:

Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան։ 

Թբիլիսիի կենտրոնում հակառուսական բողոքի ցույցերը սկսվել էին հունիսի 20-ի երեկոյան՝ Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո: