Սիրիական բանակը վերսկսում է Իդլիբում մարտական գործողությունները. Al Ekhbariya

17:15 • 05.08.19

Սիրիական բանակը վերսկսում է Իդլիբում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունները, հայտնում է ria.ru-ն՝ Al Ekhbariya պետական հեռուստաալիքին հղումով, որն էլ հղում է անում Սիրիայի ԶՈՒ գլխավոր հրամանատարության հայտարարությանը:

Պատճառը գրոհայինների կողմից ավելի վաղ հաստատված հրադադարի ռեժիմին չհետևելն է և Անկարայի կողմից Սոչիում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունների չկատարումը: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ռազմական արշավ կսկսի Եփրատի արևելյան ափին և այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին:

«Մենք կմտնենք Եփրատ գետից արևելք ընկած հատվածը, ինչպես մտել ենք Աֆրին, Ջերաբլուս և Էլ Բաբ: Մենք տեղեկացրել ենք այդ մասին Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Մենք չենք կարող լռություն պահպանել մեր երկրի նկատմամբ հարձակումների պարագայում», - հայտարարել էր Էրդողանը:

Ավելի վաղ, թուրք ղեկավարը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է սկսել ռազմարշավը Եփրատի հյուսիսում, ինչպես նաև Մանբիջում՝ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ն դուրս չբերի նրանց այնտեղից: Ավելի ուշ նա տեղեկացրել էր, որ որոշել է հետաձգել ռազմարշավի մեկնարկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերին ունեցած հեռախոսազրույցից հետո:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ այսօր հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում նոր հնարավոր հումանիտար աղետը ռազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է գերազանցել այս տարածաշրջանում 2015 թվականին տեղի ունեցած ճգնաժամը:

«Աստանայում և Սոչիում մենք Ռուսաստանի և Իրանի հետ գործադրում ենք ջանքեր՝ Սիրիայի խնդրի կարգավորման հարցով: Վերջին շրջանում (սիրիական) ռեժիմը խախտում է Իդլիբում հրադադարը, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք դա: Ես կոչ եմ անում բոլորին աջակցել Իդլիբում մեր ջանքերին, այլապես նոր հումանիտար աղետը կարող է մի քանի անգամ գերազանցել 2015 թվականի ճգնաժամը»,- հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում Թուրքիայի դեսպանների 11-րդ խորհրդաժողովում ելույթի ընթացքում: