Ֆրանսիայում 22-ամյա աղջիկը ռեստորանում հյութի փոխարեն լվացող միջոց է խմել և կոմայի մեջ ընկել
Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Պորնիկ շրջանում 22-ամյա ֆրանսուհին հյուրանոցի ռեստորանում հյութի փոխարեն լվացող միջոց է խմել և կոմայի մեջ ընկել, հայտնում է lenta.ru-ն:
Աղջիկը ծնողների հետ La Fontaine aux Bretons հյուրանոցի ռեստորան է այցելել՝ ընթրելու: Նա խնձորի հյութ է պատվիրել, սակայն սխալմամբ նրան արդյունաբերական լվացող միջոց են բերել: Ֆրանսուհին խմելուց անմիջապես հետո սրտխառնոց է ունեցել, հեղուկն այրել է նրա մաշկը:
Դստեր ռեակցիայից ապշած ծնողները նույնպես փորձել են հյութը՝ մի քանի ումպ անելով, սակայն նրանց թունավորումն այդքան ուժեղ չի եղել: Ամբողջ ընտանիքը Նանտ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել:
Ոստիկանության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ռեստորանի աշխատակիցներից մեկը լցրել է լվացող միջոցը հյութի համար նախատեսված տարայի մեջ և թողել այն խոհանոցից դուրս: Մեկ այլ աշխատակցի թվացել է, թե հյութը պարզապես մոռացել են դնել սառնարանը, և այն տարել է խոհանոց: Երրորդ աշխատակիցն էլ տարայից այն լցրել է բաժակի մեջ՝ կարծելով, թե հյութ է:










