Այն ուժերը, որոնք կխանգարեն արդար ընտրությունների անցկացմանը, պատասխանատվություն են կրելու ժողովրդի և օրենքի առաջ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

18:16 • 06.08.19

Ոչ թե Բակո Սահակյանը պետք է երաշխավորի արդար ընտրությունների անցկացումը, այլ երաշխավորողը երկրի Սահմանադրությունն ու օրենքն է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

«Բակո Սահակյանը՝ որպես երկրի առաջնորդ, պետք է ապահովի օրենքի կիրառումը, իսկ մենք էլ՝ որպես քաղաքական ուժ, ունենք հնարավորություն ոչ միայն մասնակցելու ընտրություններին, վերահսկելու դրանք, այլ հայտարարելու, որ ամեն ինչ անելու ենք, որ երկրում տեղի ունենան թափանցիկ, օրենքին համապատասխան ընտրություններ: Իսկ այն անձինք կամ ուժերը, որոնք կխանգարեն, պատասխանատվություն են կրելու ժողովրդի և օրենքի առաջ, դրա համար մենք այսօր չենք քննարկում, որ կարող է որևէ մեկը խանգարել»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Մանավանդ, երեկ ՀՀ վարչապետը ի լուր աշխարհի հայտարարել է, որ Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայելու Արցախում, օգնելու է, որպեսզի այդ ընտրություններն ընթանան մեր նշած պայմաններին համապատասխան»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ նախագահ Բակո Սահակյանը աջակցելու է հենց Արայիկ Հարությունյանին և նա ու Վիտալի Բալասանյանը համարվում են իշխանության թեկնածու, Հարությունյանն ասաց. «Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան և շատ այլ անձինք կան, որոնք այսօր իշխանության մաս են կազմում կամ պատասխանատվություն են ստանձնում, և իշխանությունը չի կարող նախընտրել որևէ մեկին. երկրի նախագահ ընտրելու բացառիկ իրավունքը տրված է բացառապես ժողովրդին»:

Tert.am-ի հարցին՝  սահմանադրական փոփոխությունների հետ կապված ստորագրություններն արդեն հանձնվել են ԿԸՀ, այդ հարցը ԱԺ-ում պետք է հավանության արժանանա, այսինքն՝ ԱԺ-ն պետք է կողմ քվեարկի, որ 10 տարի Արցախում բնակություն չհաստատած անձը Արցախում առաջադրվի որպես Արցախի նախագահի թեկնածու, ինչպե՞ս է քվեարկելու այս հարցին «Ազատ հայրենիք» կուսակցությունը, Արայիկ Հարությունյանը նշեց, որ հարցը դեռ չեն քննարկել:

«Հարցը մենք չենք քննարկել կուսակցությունում, խորհրդում, ֆրակցիայի հետ: Այս հարցի հետ կապված կան տեսակետներ, տարբեր կուսակցության անդամներ հայտնել են իրենց կարծիքները, բայց մենք այստեղ պետք է հարգենք սահմանադրագետների կարծիքը: Այնպես չէ, որ պետք է անենք այնպես, ինչպես ուզում ենք: Գոյություն ունի միջազգային պրակտիկա, միջազգային պահանջներ՝ սահմանադրության հետ կապված: Կտեսնենք, թե որքանով է համապատասխանում այդ փոփոխությունը Սահմանադրությանը: Այսինքն՝ հնարավո՞ր է դա, թե՞ չէ, երկրորդը՝ ի՞նչ է տալու դա մեզ: Ուզում եմ նշել, որ թե՛ առաջարկող ուժը, թե՛ իշխանության ներկայացուցիչներն ու պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերը այս հարցում պետք է համատեղ լուծում գտնեն. իմաստությունը հաղթելու է, համոզված եղեք դրանում»,- հայտարարեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում