Հայաստանում 2025 թ. հետո բնակչության նվազում ենք արձանագրելու՝ 2050 թ. հասնելով 2 մլն 816 հազարի.ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ Կառավարության երկարաժամկետ ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է մինչև 2050 թ. Հայաստանի բնակչությունը հասցնել 5 մլն-ի:
Էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե բնակչության կրկնապատկման մասին հայտարարության համար մի քանի հիմքեր կան՝ ծնելիության աճ, սոցիալական որոշակի պայմանների ստեղծում, Սփյուռքի ներուժի օգտագործում, էթնիկ այլ հանրույթների ներգրավվում. «Ըստ էության, դժվար է ասել՝ որքանով այս ամենը կիրականացվի: Պետք է հաշվի առնել, որ դրական սցենարների կողքին պետք է լինի նաև բացասական սցենար: Ես չեմ տեսնում, որ տնտեսության լավացումը կարող է բերել այդ ռեսուրսների պահպանման: Իմ գնահատմամբ՝ սա չափազանցված թիվ է»:
Գալստյանը նաև նշեց, որ մասնագիտական հաշվումները ցույց են տվել, որ առաջիկայում Հայաստանը կարող է ունենա մահացության թվի ավելացում և ծնելիության թվի անկում. «Այսօր Հայաստանում միջին վիճակագրական ընտանիքում ձգտում են ունենալ մեկ երեխա, բայց ամեն ինչ անել այդ երեխայի համար: Այսինքն՝ արժեքային համակարգի փոփոխության խնդիրն էլ կարող է իր ազդեցությունը թողնել ժողովրդագրական պատկերի վրա»:
Tert.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանն էլ կարծիք հայտնեց, որ 5 մլն-ի ցուցանիշն ավելի շատ ուղենիշ է, կամքի արտահայտություն, տեսլական, ցանկություն, քան կանխատեսումների վրա հիմնված բան. «Հուլիս ամսին ՄԱԿ-ը հրապարակեց 2019-ի նոր կանխատեսումները՝ «Աշխարհի բնակչության հեռանկարները»: Այստեղ, եթե միջին սցենարով վերցնենք, ապա կտեսնենք, որ մինչև 2025 թ. մենք մի փոքր աճ կգրանցենք՝ հասնելով 2 մլն 977 հազարի, բայց դրանից հետո բնակչության նվազում ենք արձանագրելու՝ 2050 թ. հասնելով 2 մլն 816 հազարի: Ես ուզում եմ ֆիքսել, որ սա պարզապես կանխատեսում է. ՄԱԿ-ի կանխատեսումները հաշվի են առնում նախորդ տարիների 5-ամյա կտրվածքով զարգացումները, գրանցված իրավիճակը և նմանատիպ այլ երկրների իրավիճակը, որոնք նույն գործընթացով են անցնում, դա էլ պրոեկցիա է արվում ապագայի վրա: Այս տեսլականը, որ մեզ է ներկայացնում Կառավարությունը ոչ թե անցյալի վրա հիմնված է, այլ ուղենիշ է, թե ինչ ուղղություն ենք որդեգրել»:
Ծովինար Հարությունյանը նաև նշեց, որ ՄԱԿ-ի 2019 թ. և 2017 թ. կանխատեսումների համեմատականը ցույց է տալիս, որ Հայաստանում բնակչության կրճատման հարցում կա որոշակի դրական դինամիկա:
«Բնակչությունն ավելի քիչ է կրճատվում, քան 2017-ի թվերն էին ցույց տալիս, բարելավվում է ծնելիության գործակիցը, սելեկտիվ աբորտներն են հասնում նորմայի, այսինքն՝ վերջին երկու տարում էլ փոփոխություններ կատարվել են, որ դրանց պրոյեկցիան էլ այսօր մեզ ավելի լավ կանխատեսումների հնարավորություն է տալիս, քան 2017-ի թվերն էին:
Մենք Սերժ Սարգսյանի 4 մլն-ի մասին հայտարարության ժամանակ էլ ասել էինք ու հիմա էլ ասում ենք, որ շատ լավ է, որ պետությունն առաջնահերթություն է համարում բնակչության աճը և ժողովրդագրական հարցերը, բայց այս պահին մենք չենք կարող ասել՝ դա իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, քանի որ մենք չունենք այն գործողությունների ցանկը, որը պլանավորվում է իրականացնել»,- նշեց Ծովինար Հարությունյանը:










