Հայտարարվել են նպատակները, բայց դրանց հասնելու համար քայլերի հաջորդականություն է պետք, որը չի ներկայացվել. տնտեսագետը՝ վարչապետի ելույթի մասին

12:32 • 06.08.19

Տնտեսական վերլուծաբան Հայկ Բալանյանը լսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում ունեցած ելույթը՝ կապված երկրի տնտեսական զարգացման հետ: Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն էլ է շատ հետաքրքիր, թե կառավարությունն ինչպես է իրագործելու հայտարարածը:

«Ես էլ եմ ցանկանում իմանալ, քանի որ դրանք դեռևս հայտարարություններ են: Չենք կարող ասել, որ նման նախադրյալներ չկան, բայց մենք կարող են արձանագրել, որ դրանք կոնկրետ քաղաքականության ու քայլերի հաջորդականության արդյունք պետք է լինեն: Հիմա կցանկանայի լսել մնացած պետական պաշտոնյաների հրապարակված ծրագրային դրույթները, քայլերը, նախագծերը և այլն»,- ասաց նա:

Տնտեսագետը համակարծիք է այն տեսակետի հետ, որ իշխանությունների կողմից հայտարարություններն արվում են, բայց չի քարտեզագրվում, թե ինչպես պետք հասնել այդ նպատակներին. «Հայտարարվել են միայն նպատակները, դրանք ծրագրեր չեն, իսկ ծրագիրը ենթադրում է քայլերի հաջորդականությունը՝ օրենսդրական, վարչական  փոփոխություններ, որոշումներ և այն: Չգիտեմ՝ ինչ են անելու: Երբ հայտարարեն գործողությունների պլանը, ըստ դրանց կարող ենք դատել՝ կստացվի՞, թե՞ չի ստացվի, որքանո՞վ է դա ծախսատար, ինչքանո՞վ է աշխատող և այլն, իսկ հիմա զուտ ենթադրությունների դաշտ է, որտեղ չեմ ցանկանում մտնել»:

Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը, Հայկ Բալանյանը նշեց, որ տնտեսական հեղափոխությանը միտված քայլեր չի տեսնում:

«Սուբյեկտիվ ընկալման հարց է՝ տնտեսական հեղափոխությո՞ւն է, թե՞ բարեփոխումներ, քանի որ հեղափոխությունը ենթադրում է սկզբունքային արմատական փոփոխություններ: Հիմա ասում են, որ կաշառք չեն վերցնում, ատկատ չեն վերցնում և այլն, բայց կաշառք ու ատկատ չվերցնելը դա նորմ է, ոչ թե հեղափոխություն: Կարծում եմ՝ իշխանությունները դեռևս անելիքներ շատ ունեն, բայց կսպասեմ գոնե հայտարարությանը, թե ինչպես են պատկերացնում, սակայն առայժմ վճռական ու բեկումնային բան դեռևս չեմ տեսնում»,- եզրափակեց Հայկ Բալանյանը:

Հիշեցնեք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում հայտարարել էր, որ Հայաստանի բնակչությունը պետք է  հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, իսկ ՀՆԱ-ն պետք է 15-ապատկել և այլն:

ՀեղինակԱնի Օհանյան