Ռուսական «Պոբեդա»-ն դեպի Գյումրի թռիչքներ կիրականացնի թերլցավորման խնդիրները բացառելու երաշխիքներ ունենալուց հետո, այս պահին դա չկա. ընկերության խոսնակ

16:07 • 06.08.19

Ռուսական «Պոբեդա»-ն դեպի Գյումրի թռիչքներ կիրականացնի խնդիրները բացառելու երաշխիքներ ունենալուց հետո, այս պահին դա չկա: Այս մասին Armnews.FM-ի հետ զրույցում ասաց «Պոբեդա» ավիաընկերության խոսնակ Ելենա Սելիվանովան:

«Ավիաընկերությունը բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը իրավիճակը շտկելու պահանջով: Սակայն օդանավակայանի ձեռնարկած միջոցառումները բավարար չեն, և վառելիք մատակարարող ընկերությունը շարունակում է թերլցավորման պրակտիկան:

Մինչև ամառային սեզոնի ավարտը «Պոբեդա»-ն կիրականացնի նախատեսված բոլոր չվերթները դեպի Գյումրի, որպեսզի չթողնի իր հաճախորդներին, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը կդադարեցվեն: Վառելիքի թերլցումը պարզապես թյուրիմացություն չէ, այլ անվտանգության լուրջ խնդիր»,-ասաց ընկերության խոսնակը:

Նրա խոսքով՝ հաշվարկվում է վառելիքի ճշգրիտ քանակը որոշակի երթուղու համար. «Պատկերացնո՞ւմ եք, որ արտակարգ իրավիճակներում բավարար վառելիք չլինի: Եթե « Պոբեդա»-ն շարունակի թռչել Գյումրի, ապա միայն այն դեպքում, եթե օդանավակայանից ստանա հստակ երաշխիքներ` հետագայում նմանատիպ խնդիրները բացառելու և վառելիքի արժեքի փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Այս պահին դա այդպես չէ»:

Ճշտող այն հարցին, թե արդյոք խնդիրը կարող է պայմանավորված լինել վրացական փոխադրողի՝ Հայաստանից Ռուսաստան թռիչքների հետ, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Ոչ, խնդիրը բացառապես թերլիցքավորումն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ թռիչները դադարեցվում են վառելիքի թերլիցքավորման պատճառով:

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանում «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցչության տնօրեն Վարդան Ալեքսանյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ խնդիրը 99%-ով կարգավորված է: