Զարեհ Սինանյանը Համահայկական խաղերը դիտարկում է Հայաստան-սփյուռք նոր հարաբերությունների մարմնավորում

16:40 • 06.08.19

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Համահայկական խաղերը դիտարկում է որպես Հայաստան-սփյուռք նոր որակի հարաբերությունների մարմնավորում: Այս մասին Սինանյանն ասաց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում:

«Այս խաղերը պետք է ունենան միասնության և համախմբման խորհուրդ: Մենք նոր քաղաքականություն և նոր մշակույթ ենք ստեղծում Հայաստան-սփյուռք հարաբերություններում, և այս նոր քաղաքականության հիմքում գտնվում է հայաստանակենտրոն հայությունը: Այլևս սփյուռքը չի դիտվելու զուտ ռեսուրսների ակունք: Մենք միացյալ ուժերով պետք է ստեղծենք մեր ուզած հայրենիքը: Այս խաղերն էլ այս պահին մարմնավորում են այդ քաղաքականության սկիզբը»,- ասաց Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը խաղերի բացման արարողությունն Արցախում անցկացնելը կարևորեց նրանով, որ աշխարհի հայությունն այս անգամ Ստեփանակերտում է ոչ թե պատերազմական իրավիճակով պայմանավորված, այլ սպորտային միջոցառման մասնակցելու:

«Արցախը 90-ական թվականներին դարձավ հայության միասնությունը մարմնավորող մի սուբյեկտ, քանի որ պատերազմը տեղի էր ունենում Արցախում: Կարծես այդ փոքր ժամկետում բոլորս կարողացանք միանալ և հաղթել շատ դժվար պայմաններում, որտեղ բոլոր օբյեկտիվ հաշվարկները մեր դեմ էին, և ահա, այլևս մենք Արցախում չենք միավորվում զուտ պատերազմական իրավիճակի շուրջ, այլ միավորվում ենք սպորտային միջոցառման պատճառով: Սա շատ դրական է, քանի որ Արցախը շատ ավելին է, քան Հայաստանի միջնաբերդը կամ Ամրոցը լինելն օտար ազգերի դեմ»,- նշեց նա:

Զարեհ Սինանյանն ընգծեց նաև այն հանգամանքը, որ համահայկական խաղերի մասնակիցները Արցախ են ժամանում ընտանիքներով, ծանոթանում մշակույթին, ավանդույթներին, պատմությանը, ինչն էլ կարող է ազգային մտածողության և լեզվի պահպանման խթան հանդիսանալ:

«Մարդիկ ոգևորված եկել են իրենց երեխաների հետ, եկել են մասնակցելու խաղերին, այցելելու իրենց հայրենիքն ու ամրապնդելու իրենց կապը հայրենիքի հետ: Մենք քիչ առաջ Դադիվանքում էինք, այնտեղ Եգիպտոսի 180-հոգանոց թիմն էր իրենց ծնողների և մարզիչների հետ: Լսում էինք, որ շատերն արաբերեն էին հաղորդակցվում, բայց Հայաստան հաճախ այցելելով և ավելի կապվելով հայրենիքի հետ իրենց հայալեզու լինելը կվերականգնվի»,- ասաց Զարեհ Սինանյանը: