Մոնարխիա չենք, որ մոնարխը գիշերը երազ տեսնի, արթնանա ու ասի, որ այսպիսի տեսլական եմ ուզում իմ թագավորության համար. Կ. Վրթանեսյանը՝ Ն. Փաշինյանի ՀՀ ԶՈւ-ի տեսլականի մասին

20:21 • 06.08.19

Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը որևէ խնդիր չի տեսնում պետության և առանձին ոլորտների զարգացման համար երկարաժամկետ ծրագրեր մշակելու մեջ: Նա Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում ունեցած ելույթին՝  մինչև 2050 թ.-ն ՀՀ ԶՈւ տեսլականի հետ կապված, ասաց, որ երկարաժամկետ պլաններ պետք են պետությանը և պետք է լինեն պետական ինստիտուցիոնալ մակարդակում:

«Անկախ այն բանից, թե ինչպես են փոխվում իշխանությունները, վարչակարգերը, պետությունը պետք է ունենա ինչ-որ հեռավոր տեսլական, որը կապված չի լինի ներխմբային շահերից: Բայց Հայաստանում այսօր այդպիսի տեսլական չկա: Երբ երկարաժամկետ, հեռավոր նպատակներից խոսում է մի մարդ, որը միայն ու միայն տակտիկական մակարդակում է աշխատում, մի քիչ անիմաստ է քննարկելը: Ես հիմա կարող եմ մեկ օրում մի շատ պայծառ ՀՀ-ի պատկեր նկարել, բայց դրանք օդից վերցված բաներ են»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ ստացվում է՝ չենք կարողանալու ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, մեր բանակի մարտունակությունն առաջին 20-յակում չի հայտնվելու, Վրթանեսյանը նշեց. «Այդ մարդն այնքան հեռու է ամեն ինչից, ի՞նչ է ինքը հասկանում արդյունավետ հետախուզությունից: Այս թեմայով չեմ ցանկանում շատ բան ասել»:

Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ՝ երբ երկրի ղեկավարը ներկայացնում է պետության տեսլական, հիմքում պետք է ունենա երկարատև աշխատանք ու վերլուծություն: Նա համակարծիք չէ այն տեսակետի հետ, որ գործադիր մարմնի ղեկավարը պետք է ներկայացնի տեսլական, որից հետո էլ համապատասխան կառույցները, այս դեպքում ՊՆ-ն, ներկայացնի տեսլականի կյանքի կոչման ծրագիրը:

«Սա կոնկրետ պետության տեսլականն է, բայց այն չպետք է լինի կոնկրետ մի մարդու քնելու, զարթնելու ու երազում տեսնելու տեսլական: Տեսլական ներկայացնելուց առաջ  երկար տարիների, աշխատանք, պլանավորում ու վերլուծություն պետք է լինի: Մենք մոնարխիա չենք, որ մոնարխը գիշերը երազ տեսնի, առավոտյան արթնանա ու ասի, որ այսպիսի տեսլական եմ ուզում իմ թագավորության համար: Իսկ իմ տպավորությունն այն է, որ սրանք Փաշինյանի հերթական պոպուլիստական հայտարարություններն են, կենաց ասելու պես բան է: Իրականում, աբսուրդն իմաստ չունի մեկնաբանել»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնեք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում հայտարարել էր, որ մինչև 2050 թ.-ը ՀՀ-ն բանակը մարտունակության ցուցանիշով պետք է տեղ զբաղեցնի աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում, պետք է ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: