Արսենալը պաշտոնապես հայտարարեց Կոսյելինիի՝ Բորդո տեղափոխության մասին

18:36 • 06.08.19

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է պաշտպան Լորան Կոսյելինիի՝ «Բորդո» տեղափոխության մասին։

Գործարքի մանրամասները, ինչպես նաև ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ նոր ակումբի հետ կնքած պայմանագրի կետերը հրապարակված չեն։

«Մենք շնորհակալ ենք Լորանին ակումբի կյանքում ունեցած ներդրման համար և նրան ամենալավն ենք մաղթում ապագայում»,- ասվում է «Արսենալի» պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արսենալը» համաձայնել է Կոսյելինիի տրանսֆերը վաճառել 5 մլն եվրոյով։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Լիոնը» և «Ռենը»։

Լորան Կոսյելինին «Արսենալում» հանդես էր գալիս 2010 թվականից, այս ընթացքում նա 3 անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, երկու անգամ էլ՝ սուպերգավաթակիր։

2018/19 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17 հանդիպման, դարձել է 3 գոլի հեղինակ և ստացել է 1 դեղին քարտ։