Արցախում խժդժություններն անթույլատրելի են. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Մենք կարողացել ենք ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահել ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից. Արթուր Վանեցյան
Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժություններն ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա. այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածության առաջացման թեմաներին:
Նա նշեց, որ Արցախը յուրահատուկ վայր է ու Արցախում պետք է լինի կայունություն
«Ես որպես ԱԱԾ տնօրեն, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ Արցախը պետք է լինի կայուն»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետք է բացառվի օտարերկրյա ուժերի ներգործությունը հայաստանյան ներքաղաքական կյանքին: Վանեցյանի խոսքով՝ առհասարակ, օտարերկրյա տարբեր ուժեր փորձում են միջամտել այս կամ այն երկրի ներքին հարցերին։
«Ես չեմ կարող ձեզ մանրամասներ հայտնել, բայց եթե այդ միջամտությունների արդյունքում լինեին որևէ հետևանքներ, դրա մասին տեղյակ կլինեիք։ Մենք կարողացել ենք այնպես անել, որ ապահովենք Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ու զերծ պահենք ցանկացած օտարերկրյա ուժերի միջամտությունից»,- ընդգծեց նա:
Վենցյանը նաև հերքեց այն լուրերը, թե հրահանգ կա կոծկել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը։ «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում այդ գործով քննությունն իրականացվում է, եթե ես չեմ սխալվում՝ հայտարարավել է գործի ավարտ ու առաջիկայում կուղարկվի դատախազություն օրինականությունը ստուգելու ու հետագա ընթացքը որոշելու համար:
Հարցին՝ ի վերջո, այդ գործով տեսանյութ կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Գործը գնում է հրապարակային փուլ, այդ ժամանակ ամբողջի մասին կիմանաք»:










