Վարչապետի փոխարեն ես ավելի մեծ թվեր կներկայացնեի. Արայիկ Հարությունյանը՝ 2050 թվականին 5 մլն բնակչություն ունենալու մասին (տեսանյութ)
Եթե ես լինեի վարչապետի փոխարեն, ավելի մեծ թվեր կներկայացնեի. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով, թե որքանով է իրատեսական երեկ Արցախի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ 2050 թվականին ՀՀ բնակչությունը պետք է լինի 5 մլն:
«Կոնկրետ ես չեմ ընդունում, որ 5 մլնը մեզ համար լավագույն ցուցանիշն է: Սա քննադատություն չէ, ցանկանալի է, որ ավելի մեծ արդյունք ունենանք»,- ասաց նա:
Արայիկ Հարությունյանն իրատեսական է համարում նաև ՀՆԱ-ի 15 անգամ ավելացնելը, ըստ նրա` դա նման չէ երազանքի:«Իհարկե, խոսուն, հետաքրքիր, իրատեսական թվեր են, և դրա փորձն էլ կա աշխարհում: Ես 2008 թվականին եղել եմ Իսրայելում, բնակչությունը եղել է 6 մլն,այսօր արդեն 8.5 մլն է. այսինքն՝ հնարավոր է, կա փորձն աշխարհում: Դրանք այն թվերը չեն, որ անհասանելի են, իհարկե շատ միասնական աշխատանք է պետք կատարել՝ հասնելու այդ թվերին, բայց ես համոզված եմ, որ 2050 թվականին ավելի հաճելի թվեր ու արդյունքներ ենք ունենալու, եթե լինենք խոհեմ, իմաստուն և աշխատասեր»:
Դիտարկմանը՝ նա իր հայտարարություններով փորձում է ամեն կերպ հաճոյանալ Հայաստանի իշխանություններին և հարցին՝ ի՞նչ կարծիք ունի ընդունելի թեկնածու է Հայաստանի իշխանությունների համար, Հարությունյանը պատասխանեց. «Ես հաճոյանալ ցանկանում եմ միմիայն իմ երեխաներին, ոչ մեկին հաճոյանալու ցանկություն չունեմ, բայց շատ շահագրգռված եմ այսօրվա Հայաստանի իշխանության հաջողություններով, չարացած չեմ, չեմ ուրախանում ձախողումներով, չեմ հրճվում սխալներով, որովհետև դա կարող է ազգի կործանումը դառնալ: Եթե սպիտակին սպիտակ եմ ասում, դա հաճոյանա՞լ եք համարում, եթե չեք տեսնում այն ձեռքբերումներն ու հաջողություններն այսօր Հայաստանում` դա քաղաքական կուրություն կարող եմ համարել: Ես չեմ ուզում լինել քաղաքական կույր, հաճոյանալ ոչ մեկին ցանկություն չունեմ, բայց այն, ինչ տեսնում եմ Հայաստանում, այն հաջողությունները կամ նախադրյալները որոնք կան, ողջունում եմ»:
Նա նշեց, որ պատրաստ է ամեն ինչում աջակցելու, որովհետև իր համար հայրենքինն ավելի թանկ է, քան ցանկացած քաղաքական, սոցիալական, նյութական ձեռքբերում: Նա կոչ արեց միասնական օգնել Հայաստանի իշխանությանը: «Չարախնդություն է համատարած տիրում ամեն մի ստորակետի համար: Պրակտիկ կամ ժամանակակից ընդդիմությունն այսօր մեզ համար չէ, մենք ունենք խնդիր առաջնագծում: Շատ բաներից եմ տեղյակ՝ ինչ է անում այսօրվա Հայաստանի իշխանությունն առաջանգծի, բանակի մարտունակության բարձրացման համար»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ այն ինչ արվել է Արցախի համար, դրա մասին պետք է բարձրաձայնել, ոչ թե պետք է հաճոյանալ: «Պետք է ամեն օր դրանց մասին հայտարարենք: Միջնաժամկետ ծախսային ծրագրում 2020 թվականին միջպետական վարկի տարբերությունն ավելի քան 8 մլրդ է, պատմության մեջ նման բան չի եղել: Երբ մի քանի քայլերով Արցախի տնտեսության զարգացման համար ստեղծել են այնպիսի նախադրյալներ, որ առաջիկա մի քանի տարիներն Արցախի տնտեսության աճի համար ապահովված է համապատասխան երաշխիքներով: Ես դա չգնահատեմ, ինչ է, թե մի քանի ընդդիմադիրների համար դա հաճոյանա՞լ է դառնալու»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










