Արցախում էլ թոշակները, կենսաթոշակները, ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով. ԱՀ ֆինանսների նախարար (տեսանյութ)
Արցախում ընթացող Համահայկական ամառային 7-րդ խաղերի, Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի, հարկային քաղաքականության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հետ:
-Պարոն Հարությունյան, թերևս հարցազրույցը սկսենք այսօր սպասվող միջոցառումից։ Այսօր Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկն է տրվելու, տեղի է ունենալու բացման հանդիսավոր արարողությունը: Ի՞նչ նշանակություն ունի միջոցառումն Արցախի համար և կազմակերպչական առումով Արցախի իշխանությունների դերը որն է եղել:
-Իրականում Համահայկական խաղերի բացման արարողությունն Արցախում անցկացնելը շատ խորհդանշական է այն առումով, որ դա արտացոլում է Հայաստան-Արցախ-Սփյուռք այդ եռամիասնության ամբողջական պատկերը: Բացի այն, որ միջոցառումը բերելու է երկրի ճանաչելիություն, զբոսաշրջային գրավչություն, նաև մոտ 10 հազարից ավել մարզիկներ, պատվիրակություններ ենք ընդունել, բերելու է նաև այդ համախմբման խորհուրդը: Տնտեսական առումով էլ բերելու է արդյունքներ այն առումով, որ ունենալու ենք սպասարկման ոլորտում որոշակի աշխուժություն, հետագայում դրանից բխող իր բոլոր հետևանքներով:
-Նշեցիք 10 հազար հյուրի մասին: Ստեփանակերտում կա՞ հնարավորություն այդքան հյուրերի միանգամից ընդունելու համար:
-Մեր կառավարության կողմից ստեղծվել էր համահայկական խաղերի բացման համար համակարգող խումբ, որի շրջանակներում կազմակերպվել են այդ բոլոր խնդիրների լուծման ճանապարհները: Մարզիկներին, պատվիարկություններին պահելու,սննդի հետ կապված բոլոր հարցերը լուծված են հյուրանոցային տնտեսությունների, զբոսաշրջային տների միջոցով, նաև ստեղծվել են այլ ենթակառուցվածքներ, որտեղ կարող ենք տեղավորել այդ պատվիրակություններին:
-Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի մասին խոսենք։ Կներկայացնե՞ք թվեր. 2019 թվականի առաջին վեց ամսյակի կտրվածքով ի՞նչ թվեր եք ունեցել տնտեսական աճի, եկամուտների հավաքագրման և այլ առումներով։
-Վեց ամսվա կտրվածքով բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներով ունենք աճ, եկամուտների հավաքագրման առումով էլ վեց ամսվա ընթացքում պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել է 30 մլրդ 400 մլն դրամ, որը պլանավորված ցուցանիշից ավել է 10.3 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակվա ցուցանիշի համամետ` 11.5 տոկոսով աճ ունենք: Այսինքն՝ շուրջ 3 մլրդ դրամ ավելի հավաքագրումներ ունենք վեց ամսվա կտրվածքով: Վստահ եմ` նույն տեմպերը շարունակվելու են նաև երկրորդ կիսամյակում և ունենալու ենք բյուջեի մուտքերի գերակատարում:
-Դա նոր բիզնեսների ստեղծման շնորհի՞վ է եղել, թե՞ հարկային վարչարարական գործելաոճն է խստացվել:
-Դրան նպաստել են մի քանի գործոններ: Հիմնականում մեր երկրում տարիներ շարունակ արձանագրվող երկնիշ տնտեսական աճի շնորհիվ է դա եղել, ինչպես նաև հետևողականորեն իրականացվող հարկային վարչարարությունն է նպաստել այդ եկամուտների ավելացմանը: Մեր կանխատեսումներով` ունենալու ենք 9.5 կամ 10 տոկոս տնտեսական աճ: Նախորդ տարի էլ նույն չափանիշներն են եղել. այսինքն՝ տարվա կտրվածքով ունեցել ենք 11.9 տոկոս տնտեսական աճ:
-Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանի կողմից Արցախին տրվող միջպետական վարկը 2020 թ․-ի համար ավելացվելու է 8 մլրդ դրամով։ Ի՞նչ ծրագրերի իրականացմանն է ուղղվելու այս լրացուցիչ 8 մլրդ դրամը։
-Այդ գումարները հիմնականում ուղղվելու են աշխատավարձերի, թոշակների բարձրացմանը, նաև ինչպես Հայաստանում էր եղել, այդ գումարները կուղղվեն ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը: Վարկը կօգտագործվի նաև ենթակառուցվածքների կառուցման,վերանորոգման, վերազինման համար: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, թոշակները, կենսաթոշակները, ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով: Քանի որ մենք գտնվում ենք միևնույն տնտեսական դաշտում, նույն աշխատաշուկայի ն տիրույթում, դրա համար մենք աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների նմանատիպ բոլոր վճարումների առումով պետք է լինենք նույն դաշտում, ուստի մենք պետք է այդ շեմը պահենք նույն կերպ՝ ինչ որ ՀՀ-ում է:
-Պարոն Հարությունյան, Հայաստանում հայտարարվել է տնտեսական հեղափոխություն, հարկային օրենսգրքի փոփոխություններ են կատարվել։ Արցախում ի՞նչ է սպասվում առաջիկայում այս առումով, ի՞նչ տնտեսական փոփոխություններ են նախատեսվում։
-Մենք նախորդ տարի օգոստոս ամսին ընդունել ենք հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգ, որտեղ նախանշել ենք մի քանի ուղղություններ, որոնցով պետք է բարելավենք գործարար միջավայրը: Այս առումով առանձնացրել և կարևորել ենք հարկային օրենսգրքի ընդունումը: Այս պահին արդեն մեկնարկել են հարկային օերնսգրքի մշակման աշխատանքները, բայց մինչ այդ մենք անցած տարի և այս տարի հունվարի մեկից բավականին մեծ օրենսդրական փաթեթներ ենք ունցել գործարար միջավայրի՝ հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման համար: Այդ օրենսդրական փաթեթները մի քանիսն են և ուղղված են նոր ստեղծվող փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտներին եռամսյա ժամկետով հարկային արտոնություններ սահմանելուն և նաև հետագայում իրենց կողմից վճարվող հարկերի դրույքաչափերի նվազեցանը: Դրանք ուղղված են, հատկապես, արտոնագրային վճար վճարողներին և հաստատագրված վճար վճարողներին, իսկ այդ օրենսդրական փաթեթը, որը ներկաայցրել ենք և որն արդեն գործում է հունվարի մեկից, դրա շահառուներն են հանդիսացել շուրջ 2200 հարկ վճարող, որոնք հանդիսանում և կազմում են մեր հանրապետությունում գործող հարկ վճարողների շուրջ 30 տոկոսը:
-Որպես մասնագետ, որպես ֆինանսիստ, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական փոփոխություններին, հարկային օրենսգրքի փոփոխություններին:
-Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք որ իրականացվել են և նախատեսվում են իրականացվել Հայաստանում, համոզված եմ, ունենալու են իրենց լուրջ ազդեցությունը և Հայաստանի, և Արցախի տնտեսության մեջ: Հատկապես կարևոր են խթան հանդիսացող դրույթները՝ ուղղված փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին, քանի որ հիմնականում ցանկացած երկրում աշխատանքի զբաղվածության հարցը լուծվում են հենց այդ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների միրջոցով:
- Հայաստանում նախատեսվում է անցում կատարել համահարթ եկամտահարկի մոդելին, Արցախում այժմ պրոգրեսի՞վ է հարկման համակարգը:
-Ոչ մեզ մոտ գործում է համահարթ դրույքաչափի սկզբունքը, որը 21 տոկոս էր, իսկ հուլիսի 1-ից՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ զուգահեռ, ունեցել ենք դրույքաչափի նվազեցում և այս պահին 20 տոկոս է: Իմ կարծիքով՝ համահարթ եկամտահարկի հարկման սկզբունքը և Հայաստանում, և Արցախում ճիշտ մոտեցում է: Կցանկանայի նշել,որ հուլիսի մեկից Արցախում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը նույն սկզբունքով, ինչ Հայաստանում է. այսինքն՝ 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր վարձու աշխատողները, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուներ են հանդիսանում:










