ՊՎԾ ժամանակավոր պետը պաշտոնի է նշանակել իր սանիկին. «Էլեկտրիկ Երևան»-ի ակտիվիստը՝ իր աշխատանքից ազատվելու մասին

Պետական վերահսկողության ծառայությունում նշանակվում են իրենց ծանոթները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՎԾ-ի՝ արդեն աշխատանքից ազատված ծառայող Կարո Ղուկասյանը:
«Արգիշտի Քյարամյանը վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակել է իր սանիկին: Այն, որ իր սանիկին է տեղավորել վարչության պետի տեղակալի պաշտոնին, ինքն էլ չի հերքել»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ որ միմյանց հետ ծանոթ են, փաստում են նաև նրանց ընկերությունն ու արձագանքները սոցիալական ցանցերում: «Ես չեմ ուզում շատ մեկնաբանություններ տալ, բայց շատ բաներ կան»,-ասաց Ղուկասյանը:
Նա ասաց, որ մեկ տարուց ավել աշխատել է ՊՎԾ-ում, նախ՝ ՊՎԾ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ բաժինը լուծարվելուց հետո տեղափոխվել է գնումների բաժին:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակից Կարո Ղուկասյանն իր աշխատանքից ազատվելու մասին գրառում էր արել:
«Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պետ Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքի կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց «ծանոթ բարեկամ»-ներին տեղավորել են գործի։ հ.գ. մնացածը շուտով»,-գրել էր նա։
Հիշեցնենք, որ Կարո Ղուկասյանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, «Էլեկտրիկ Երևան» նախաձեռնության ակտիվիստներից, ում լուսանկարը դարձել էր շարժման սիմվոլներից մեկը։









