99%-ով ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Գյումրի. ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն
Բանակցությունների միջոցով տարաձայնությունները, խնդիրները լուծվել են. ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը կշարունակի թռիչքներն ամեն օր կատարել Գյումրի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցչության տնօրեն Վարդան Ալեքսանյանը:
«Խնդիր եղել է, մանրամասն չեմ կարող պարզաբանել, կարևորը բանակցությունների միջոցով բոլոր խնդիրները լուծվել են»,- հայտարարեց Վարդան Ալեքսանյանը:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի, և չվերթների դադարեցման որոշումը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլցավորման հետ:
Հարցին՝ տարաձայնություններն ինչպե՞ս հարթվեցին, նա ասաց, որ նորմալ գործընկերների մոտ խնդիրները հարթվում են բանակցությունների միջոցով, զրուցելով:
Դիտարկմանը՝ կարող է վստահեցնել, որ խնդիրն արդեն լուծված է, պատասխանեց. «Խնդիրն արդեն լուծված է: 99% հավանականությամբ ամեն ինչ նորմալ կլինի, այնպես, ինչպես եղել է»:
Ինչ վերաբերում է նրան, որ խնդիրն առաջացել է Գյումրիում թերլիցքավորման պատճառով, Վարդան Ալեքսանյանը շեշտեց, որ մեծ պրոցեսների մեջ ցանկացած օղակում կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ, կարևորը, որ բոլոր կողմերը կարողանան զրուցելով այդ խնդիրները լուծել:
«Այս էտապում կարևորը դա է եղել. կարևորը, որ հարաբերություններն այնպես լինեն գործընկերների մոտ, որ խնդիրները ջերմ լուծվեն, ոչ թե ուրիշ ձևով, իսկ եթե շարունակենք փոխգործակցությունը, կնշանակի, որ հարաբերությունները ջերմ են եղել»,- ասաց նա:










