Արտոնված մուրացկանություն. շվեդական քաղաքը մուրացկաններին 23 եվրո կանխավճարի դիմաց արտոնագրեր կտրամադրի
Շվեդական Էսկիլստունան դարձել է երկրում առաջին քաղաքը, որը մուրացկանությամբ զբաղվելու պաշտոնական թույլտվություն է սահմանել՝ պահանջելով 250 շվեդական կրոն (23 եվրո) կանխավճար վճարել`փողոցում մուրացկանությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու համար, գրում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ արտոնագիրը վավեր կհամարվի երեք ամիս, իսկ այն կարելի է ձեռք բերել ձևաթուղթն առցանց կամ ոստիկանության բաժանմունքում լրացնելու միջոցով, որի համար անհրաժեշտ է միայն նույնականացման քարտ ներկայացնել: Այն մուրացկանները, որոնք քաղաքում նման գործունեությամբ կզբաղվեն առանց արտոնագրի, կտուգանվեն մինչև 371 եվրոյի չափով:
Տեղական խորհրդի սոցիալ-դեմոկրատ անդամ Ջիմմի Ջանսոնի խոսքով՝ այս համակարգն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից՝ իրավական քաշքշուկներից գրեթե մեկ տարի անց:
«Կտեսնենք, թե այն ինչպես կաշխատի»,- հայտնել է Ջանսոնը և հավելել, որ այս համակարգն անօթևաններին և խոցելի խմբի այլ մարդկանց հնարավորություն կտա շփվել տեղի իշխանությունների, մասնավորապես սոցիալական ծառայությունների հետ:
Այս համակարգի քննադատները պնդում են, որ այն օրինականացնում է մուրացկանությունը և ավելի խոցելի է դարձնում նրանց, ովքեր ստիպված են գումար խնդրել, նրանցից շատերը Ռումինիայից և Բուլղարիայից գնչուներ են:










