Գիլյերմո դել Տորոն Հոլիվուդի Փառքի ճեմուղում անվանական աստղ է ստացել և այն նվիրել բոլոր ներգաղթյալներին, այդ թվում՝ իրեն (լուսանկար, տեսանյութ)
Կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն Հոլիվուդի Փառքի ճեմուղում անվանական աստղ է ստացել և այն նվիրել բոլոր ներգաղթյալներին, այդ թվում՝ իրեն, հայտնում է Los Angeles Times-ը:
«Շատ կարևոր է, որ այս ամենը տեղի է ունենում այժմ, որովհետև ես կարող եմ ասել ձեզ բոլորիդ՝ բոլոր ներգաղթյալներին, դուք պետք է հավատաք հնարավորություններին, այլ ոչ թե խոչընդոտներին, մի՛շտ»,- հայտարարել է մեքսիկացի ռեժիսորը՝ ակնարկելով ԱՄՆ ներկայիս իշխանությունների վարած կոշտ միգրացիոն քաղաքականությունը:
Նրան աջակցելու էին եկել երգչուհի Լանա Դել Ռեյը, ռեժիսոր Ջեֆրի Ջեյկոբ Աբրամսը, այլք:
«Մի՛ հավատացեք այն ստերին, որոնք նրանք մեր մասին ասում են: Հավատացե՛ք պատմություններին, որոնք մեր մեջ են, և հավատացե՛ք, որ մենք բոլորս կարող ենք շտկել իրավիճակը, և մենք բոլորս ունենք պատմություններ, և բոլորս կարող ենք ներդրում ունենալ այս աշխարհում»,- ասել է նա՝ իր անվանական աստղի վրա ծածանելով Մեքսիկայի դրոշը:
Հիշեցնենք, որ ռեժիսորի «Ջրի ձևը» ֆիլմը 2018 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:










