Գերմանական թանգարանը հայտնաբերել է 18-րդ դարում ապրած գերմանուհու տապանաքարը, որը Սպիտակաձյունիկի կերպարի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել (լուսանկարներ)
Գերմանական թանգարանը հայտնաբերել է 18-րդ դարում ապրած գերմանուհի ազնվականի տապանաքարը, որը, ըստ վարկածի, ոգեշնչել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթի հերոսուհի Սպիտակաձյունիկի կերպարը ստեղծելու հարցում, գրում է BBC-ն:
Մարիա Սոֆիա ֆոն Էրթալի հուշատախտակը կորել էր այն բանից հետո, երբ եկեղեցին, որտեղ նա թաղված էր, 1804 թվականին ոչնչացվել է, սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, այն վերջերս հայտնաբերվել է Գերմանիայի Բավարիա երկրամասի Բամբերգ քաղաքում:
Հեքիաթը գրվել է 1812 թվականին Գրիմ եղբայրների կողմից:
Թանգարանի տնօրեն Հոլգեր Քեմփքենսի խոսքով՝ հայտնի բանահավաք եղբայրներին ոգեշնչել է ֆոն Էրթալի պատմությունը, որի հիման վրա էլ գրել են հայտնի հեքիաթը:
«Սոֆիայի կյանքի պատմությունը հայտնի է եղել 19-րդ դարի սկզբին»,-հայտնել է Քեմփքենսը BBC-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ իր ասածները վկայող բազմաթիվ փաստարկներ կան:
Նշվում է, որ ֆոն Էրթալը մեծացել է Լոր ա Մայնի ամրոցում՝ Բամբերգից մոտ 96 կմ արևմուտք և մահացել է 1796 թվականին:
Նրան նկարագրել են որպես «արտասովոր գեղեցկության տեր աղջկա», որը փորձել է օգնել աղքատներին և կարիքավորներին: Սակայն դեռահաս տարիքում մահացել է աղջկա մայրը, որից հետո հայրն ամուսնացել է տեղի դինաստիայի «բռնակալ» այրու հետ, որն ամեն կերպ փորձել է վնասել խորթ աղջկան:
Խորթ աղջկա կյանքը խորտակելու ջանքերը հաջողությամբ են պսակվել, քանզի ֆոն Էրթալը երբեք չի ամուսնացել և հետագայում տեղափոխվել է անգլիական կուսանոց, որտեղ կուրացել է և մահացել 71 տարեկանում:













