Մասիս Մայիլյանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները

14:44 • 07.08.19

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
 
Մասիս Մայիլյանը ողջունել է Զարեհ Սինանյանի՝ այդ պաշտոնում առաջին այցն Արցախ և կարևորել շփումների ակտիվացումը Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխգործակցության  հետագա ամրապնդման նպատակով: Քննարկվել են գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ մակարդակով համագործակցության հաստատման հեռանկարները` այս ոլորտում համատեղ ջանքերի հետևողականությունն ապահովելու համար:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համահայկական շահերի խթանմանը, ինչպես նաև հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում սփյուռքի ներգրավվածության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի պատրաստակամությունը` նպաստելու հայապահպանությանը: