«ՀՊՏՀ գիտամանկավարժական մրցույթն ուղղորդված է եղել ռեկտորի պաշտոնակատարի կողմից». աշխատակիցները բողոքում են

18:49 • 08.08.19

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմն այսօր բողոքի ակցիա էր իրականացնում կառավարության դիմաց՝ ընդդեմ ռեկտորի պաշտոնակատարի։

Կառավարման ամբիոնի աշխատակցուհի Հասմիկ Հարությունյանի խոսքով` խնդիրն այն է, որ գիտամանկավարժական մրցույթի ժամանակ պահանջներ են ներկայացրել դասախոսներին և անձնակազմին, որոնք չեն համապատասխանել  հստակ չափորոշիչներին, ավելին՝ ուղղորդված են եղել ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից:

«Հանձնաժողովի անդամները ոչ միայն իրավունք չեն ունեցել, այլև արհեստավարժություն չեն ունեցել  համապատասխան չափանիշները ստուգելու: Օրինակ՝ մաթեմատիկայի ամբիոնում մաթեմատիկական գիտելիքների ստուգումը իրականացրել է ոչ մասնագետը: Անգլերենի մասնագետներին ստուգել է այն մարդը,  որը չունի համապատասխան որակավորում, էլ չասեմ, որ դեպքեր են եղել, որ բակալավրիատը դեռ չավարտած, դիպլոմ չստացած ուսանողը ստուգել է գիտությունների թեկնածուին: Բացի այդ, թեև մի քանի անգամ հրապարակավ ռեկտորի պաշտոնակատարը նշել է, որ մրցույթը շատ թափանցիկ է և բաց, սակայն մրցույթն անցկացվել է փակ դռների ետևում, և անգամ դիտորդներ չեն եղել»,- ասաց Հասմիկ Հարությունյանը:

Դիտարկմանը, թե արդյոք չեն փորձել հարցը պարզաբանել ռեկտորի հետ, Հարությունյանն ասաց, որ հարց են ուղղել, իսկ ռեկտորի պաշտոնակատարը պատասխանել է, որ իր նպատակն է բարեփոխել ԲՈւՀ-ը: «Իհարկե կան խնդիրներ, բայց կարծում եմ՝ նման մոտեցումը ոչ միայն սխալ է, այլև ապօրինի, որովհետև այդ մրցույթի արդյունքում խախտվել են բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական  ակտեր, այդ թվում նաև ԲՈւՀ-ի կանոնադրությունը»,-նշեց Հասմիկ Հարությունյանը:    

Նա ասաց նաև, որ մրցույթին, որին ինքն է մասնակցել, ներկա է եղել նաև ռեկտորի պաշտոնակատարը և իր հարցադրմանը շատ տարօրինակ պատասխան է տվել:

«Հանձնաժողովը վստահություն չունի մարդկանց գիտելիքների նկատմամբ, ասել է պաշտոնակատարը, իսկ ես փաստել եմ, որ ունեմ բազմաթիվ գիտական աշխատանքներ, հոդվածներ, միգուցե դրանց ուսումնասիրման արդյունքում պարզվեր, որ հայցորդների գիտական պոտենցիալն ու մակարդակը, իսկ պաշտոնակատարը նշեց՝ միգուցե դա դուք չեք արել»,-ասաց Հարությունյանը: