Կալիֆոռնիայում մեկ օրում մի մարդու կողմից իրականացված շղթայական հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը ծանր վիրավոր են (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիայի Օրինջ շրջանում 1 օրվա ընթացքում մի մարդու կողմից իրականացված շղթայական գործողությունների և զինված հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 2-ը ծանր վիրավոր են: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալին, հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ տեղի իրավապահ մարմինների հաղորդագրությանը հղումով:
Միջադեպերը տեղի են ունեցել Գարդեն Գրոուվ քաղաքում։ Ինչպես հայտնել են ոստիկանությունում, սկզբում կասկածյալը՝ տեղի 33-ամյա բնակիչը, կողոպուտ է իրականացրել հացաբուլկեղենի խանութում, ապա հարձակվել է բնակելի շենքի 2 բնակչի վրա: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը ստացած վնասվածքներից հիվանդանոցում է մահացել։
Ավելի ուշ տղամարդը թալանել է երկու գրասենյակ՝ ծանր վիրավորելով ապահովագրական գրասենյակի աշխատակից կնոջը, ինչպես նաև բենզալցակայանում հարձակվել է մի տղամարդու վրա. վերջինս դեմքի խորը կտրվածքներով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Այնուհետև կասկածյալն ուղևորվել է հարևան Սանտա Անա քաղաք և ավտոկայանատեղիի մոտ սպանել ևս մի մարդու:
Ինչպես հայտնել է Գարդեն Գրոուվի ոստիկանության ներկայացուցիչ Կառլ Ուիթնին, իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է պարզել կասկածյալի ավտոմեքենան:
Նա ձերբակալվել է այն պահին, երբ դանակով և ատրճանակով զինված մտել է խանութ և դանակահարել անվտանգության աշխատակցին: Տուժածը հոսպիտալացվել է, սակայն նրան չի հաջողվել փրկել։
«Բռնությանը զոհ դարձած մարդիկ պատահականորեն են ընտրվել: Կասկածյալը կապ չի ունեցել զոհերից ոչ մեկի հետ»,- հայտարարել է Ուիթնին:
Ոստիկանությունում նշել են, որ կասկածյալի գործողությունների դրդապատճառը դեռևս պարզ չէ:
GGPD working multiple scenes with several homicides. Multiple robberies and stabbings by suspect. Suspect in custody by #GGPD at Harbor and First in Santa Ana. PIO at Puryear and Chapman in GG. #GGPD32 #homicide pic.twitter.com/62Xq8lm97n
— Garden Grove Police (@GardenGrovePD) August 8, 2019










