Ռուբեն Հայրապետյանի մոտ մանիպուլյացիան բավական լավ է ստացվում, իսկ մենք ապօրինությունների վերաբերյալ փաստեր ենք ներկայացրել վարչապետին. ՀՊՏՀ դասախոս (տեսանյութ)

16:09 • 08.08.19

Երևանին պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները բողոքում են՝ ոչ մասնագիտական խմբից ձևավորված հանձնաժողովով փորձել են մրցույթ իրականացնել, այնինչ՝ այդ հանձնաժողովը բարոյական իրավունք չունի քննել դասախոսներին:

Ըստ բողոքող դասախոսների՝ ընտրության կանոնակարգի մեջ խնդիր կա:

Այս մասին այսօր կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԵՊՏՀ  դասախոս Արմեն Կարախանյանը:

Դասախոս Ասլանյանն էլ ասաց, որ ցավում է, որ իրենց պահանջների կատարման համար բողոքի ակցիա են իրականացնում, փոխանակ իրենց հարցերի պատասխանները ստանան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Որևէ պատասխան չենք ստացել: Մեր պահանջը հետևյալն է. մենք նամակով դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ենք փաստեր, որոնք վերաբերում են ԵՊՏՀ-ում տեղի ունեցող ապօրինություններին, նաև ներկայացրել ենք որոշակի փաստեր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ: Այդտեղ ակնառու փաստեր կան նրա կողմից գրագողության վերաբերյալ»,-ասաց Ասլանյանը:

Նրա խոսքով՝ ԿԳ նախարարությունը պետք է որոշի, թե ինչ անել այդ դեպքում:

Հարցին, թե այդ փաստերին ինչու ընթացք չի տրվում, Ասլանյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի մոտ մանիպուլյացիան բավական լավ է ստացվում. «Ինքը ականջահաճո հայտարարություններով է հանդես գալիս, թե լավ արդյունքներ է արձանագրում, թե սեպտեմբերի 1-ից ուսանողները կհանդիպեն լավագույն մասնագետների հետ և անշուշտ, նախարարի համար հաճելի է լսել նման բաներ, էլ ի՞նչ է պետք, բայց իրականում՝ ինչ է այդ ամենի տակ, այլ հարց է: Դասախոսները երկու ամիս է՝ խնդիրները բարձրաձայնում են, իսկ նախարարը չի փորձում հետաքրքրվել, լսել՝ այդ մրցույթների արդյունքներում ինչեր են տեղի ունենում»:

Ասլանյանն ասաց, որ բարեփոխումներ, անշուշտ, պետք է արվեն, բայց օրինականության ճանապարհով. «Խնդիրները չփոխված՝ բարեփոխումների անվան տակ փոփոխություններ կատարելը ճիշտ չէ, դասախոսական փորձը հաշվի չի առնվում այդ մրցույթների ժամանակ, հիասթափությունը շատ է»: