Վարչապետի և արդարադատության նախարարի հայտարարությունների մեջ կան հակասություններ. Ռուբեն Մելիքյան

19:32 • 08.08.19

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պաշտոնատար անձանց գործունեության մեջ կորել է տրամաբանական թելը, որովհետև կարճ ժամանակ առաջ վարչապետը հայտարարել էր, որ պետությունը մտադիր չէ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ:

Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր. «Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ՝ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին»:

Ռուբեն Մելիքյանը նշեց. «Այլ հարց է՝ դրա հետ կարելի է համաձայնե՞լ, թե՞ ոչ, ամեն դեպքում վարչապետի հայտարարությունն էր դա, ու հիմա մենք տեսնում ենք վարչապետի հայտարարությանը հակասող հայտարարություն արդարադատության նախարարի կողմից: Մենք կարող ենք այս հարցը դիտարկել տարբեր հարթություններում, առաջինը՝ արդյոք կա՞ սահմանադրական փոփոխությունների պահանջ և կարիք: Մասնագիտական տեսանկյունից գործող Սահմանադրությունը դեռ ամբողջապես չի էլ հասցրել գործել և ցույց տալ իր դրական կամ բացասական կողմերը:

Բայց մյուս կողմից՝ ես հասկանում եմ, որ արդեն իսկ կարող է խնդիրներ, հարցեր առաջացած լինեն: Եվ երկրորդ՝ այս պահի դրությամբ մեր հանրային դաշտը չի գեներացրել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պահանջ: Այս տեսանկյունից, ես կարծում եմ, սկզբունքորեն սահմանադրական փոփոխությունների մասին խոսելն անընդունելի չէ, բայց առաջին՝ կա հակասություն վարչապետի և արդարադատության նախարարի միջև և երկրորդ՝  դեռևս ամբողջովին չի գեներացվել սահմանադրական փոփոխությունների հանրային կոնսենսուսը»:

Վերջինս նաև նշեց, որ որևէ կանխատեսում անել չի կարող՝ կլինե՞ն սահմանադրական փոփոխություններ, թե՞ ոչ. «Ես վստահ չեմ, որ մեր պետությունն այսօր այնպիսի վիճակում է, որ կարելի է կանխատեսել 6-7 ամիս հետո տեղի ունեցող իրադարձությունները»:

Հարցին՝ իշխանությունները գործող Սահմանադրության հատկապես ո՞ր դրույթներն են ցանկանում փոփոխության ենթարկել, Մելիքյանն ասաց՝ կան դրույթներ, որոնք կարելի է քննարկել, օրինակ՝ հանրապետության նախագահի և վարչապետի, վարչապետի և ԱԺ-ի լիազորությունների վերաբաշխման հարցը. «Կան հարցեր, որոնք քննարկման առարկա կարող են լինել, սակայն խնդիրն այն է, որ առաջին՝ վարչապետը հայտարարում էր, որ պետությունը դա չի նախաձեռնում, երկրորդ՝ այս պահի դրությամբ գեներացված չէ հանրային պահանջն ու կոնսենսուսը»: