Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են նստել հայտնի իսպանական աստիճանների վրա. քննադատները դա «ֆաշիստական» քայլ են անվանել (տեսանյութ, լուսանկարներ)

18:12 • 08.08.19

Հռոմն արգելել է զբոսաշրջիկներին նստել իրենց հայտնի իսպանական աստիճանների վրա, որոնք սկսվում են Իսպանական հրապարակից՝ վեր դեպի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի, գրում է Daily Mail-ը:

Բոլոր օրինախախտների համար նախատեսված կլինի մինչև 448,30 դոլարի չափով տուգանք: Օրենքի քննադատներն այս քայլը «ֆաշիստական» են անվանել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի վաղ քաղաքը այցելուներին արգելել էր ուտել կամ խմել մարմարե սանդուղքի վրա, իսկ այժմ ընդլայնում է արգելքի սահմանները:

Արվեստաբան Վիտտորիո Սգարբիի խոսքով՝ տուգանքը «չափազանց հեռուն է գնում»:

«Իհարկե, հուշարձանը պետք է պաշտպանվի, և մարդիկ չպետք է ուտեն աստիճանների վրա, բայց արգելքը, ըստ որի զբոսաշրջիկները չեն կարողանա նստել աստիճանների վրա, իրոք, չափից ավել է, գրեթե ֆաշիստական»,- հայտնել է նա:

Տեղական հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Ջուզեպպե Ռոսչիոլիի խոսքով՝  զբոսաշրջիկներին պետք է թույլ տալ մի փոքր հանգստանալ քաղաքում զբոսնելուց հետո:

Հայտնի է, որ հուշարձանը հայտնի է դարձել 1953 թվականին նկարահանված «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից հետո, որի գլխավոր դերում հանդես են եկել Օդրի Հեփբերնը և Գրեգորի Փեքը: 2016 թվականին հուշարձանը վերակառուցվել է, որը ֆինանսավորել է էլիտար ոսկերիչ Բուլգարին:

Հաղորդվում է, որ մարմարը գունաթափվել էր տարիների աղտոտման՝ հազարավոր մաստակների, գինու և սուրճի հետքերի պատճառով:

Մոնումենտալ սանդղավանդակը կազմված է 135 աստիճաններից։ Այն կառուցվել է ֆրանսիացի դիվանագետ Էտիեն Գեֆֆեյի կտակած 20000 սկուդի միջոցներով։ Սանդղավանդակը նախագծել են ճարտարապետներ Ֆրանչեսկո դե Սանկտիսը և Ալեսանդրո Սպեկկին։