«Դու կարող ես ֆիլմի հերոս լինել». Թրամփը գովաբանել է վետերանին՝ առևտրի կենտրոնում հրաձգության ժամանակ վախեցած երեխաներին փրկելու համար (տեսանյութ, լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած հրաձգությունից փրկվածների հետ: Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել:
Փրկվածների թվում է եղել նաև բանակի վետերան Գլենդոն Օաքլին, որը հրաձգությունից փրկել է վախեցած երեխաներին, գրում է Daily Mail-ը:
«Հիմա ամբողջ աշխարհը գիտի, թե ով ես դու: Քո տեսքով կարող էիր իսկական կինոաստղ լինել: Շատ հերոսներ կան, շատ մարդիկ, որ անգնահատելի սխրանք են գործել»,- ասել է Թրամփը վետերանի հետ զրույցում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն Օաքլիին Սպիտակ տուն է հրավիրել: ԱՄՆ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել դեպքին անմիջապես արձագանքած մարդկանց և իրավապահ մարմիններին, որոնք անմնացորդ օգնություն են ցուցաբերել սարսափելի հանցագործության ժամանակ տուժած մարդկանց:
Վետերանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գնումներ կատարելիս է եղել Էլ Պասո քաղաքի Cielo Vista Mall-ի սպորտային խանութներից մեկում, երբ մերձակայքում կրակոցներ է լսել: Տղամարդու խոսքով՝ կրակոցները լսելուց հետո իր ապահովության հարցը երկրորդական պլան է մղվել:
«Ես այնքան մտահոգված էի այնտեղ գտնվող երեխաների համար: Ես իմ մասին չէի մտածում: Հուսով եմ՝ այդ երեխաները լավ են»,- ասել է նա:
Որոշ դեմոկրատներ և Էլ Պասոյի բնակիչները պնդում են, որ Թրամփի հռետորաբանությունն է նպաստել ներգաղթյալների դեմ ատելությանը, որը կարող էր հանգեցնել շաբաթ օրը տեղի ունեցած հարձակմանը:
Ելույթ ունենալով մի քանի հարյուր մարդու առջև՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բետո Օ՛Ռուրքն ասել է, որ մինչև շաբաթ օրը տեղի ունեցած հրաձգությունը, Էլ Պասո քաղաքը ներգաղթյալների շնորհիվ դարձել էր Ամերիկայի ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Նա նաև մեղադրել է Թրամփին՝ փախստականներին ուղղված ատելության քարոզի համար:













