Ղրղզստանի նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել են հրապարակում՝ պահանջելով նախագահի հրաժարականը. իրավապահները փորձում են հեռացնել նրանց (թարմացված)

21:16 • 08.08.19

23:26

Ինչպես դեպքի վայրից փոխանցում է ТАСС գործակալության թղթակիցը, Ղրղզստանի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում կրկին կրակոցներ և պայթյուններ են հնչում: Իրավապահ մարմինների աշխատակիցները ցրում են նախկին նախագահ Աթամբաևի կողմնակիցներին, որոնք տարբեր կողմերից փորձում են մտնել քաղաքի կենտրոն: Ոստիկաններն ու հատուկջոկատայինները լուսաաղմուկային նռնակներ են կիրառում:

22:24

Ղրղզստանի իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ցրել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցներին, որոնք հավաքվել են Բիշքեկի կենտրոնական հրապարակում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ Ալա-Տոո հրապարակում շուրջ 500 մարդ է հավաքվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևի կողմնակիցներից շուրջ հազար մարդ Կոյ Տաշի նրա կեցավայրից շարժվում են Բիշքեկի ուղղությամբ: Հրապարակում հավաքվելով խորհրդարանի շենքի առաջ՝ նրանք բղավոցներով և սուլոցներով պահանջում էին գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրաժարականը՝ վանկարկելով. «Ժեենբեկով, հեռացիր»:

Ոստիկանությունը հատուկ միկջոցներ է կիրառում՝ արցունքաբեր գազ և լուսաակմուկային նռնակներ:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ներկա պահին ուժայիններին հաջողվել է դուրս բերել մարդկանց հրապարակից:

Հիշեցնենք, որ Աթամբաևն ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է ՆԳՆ գլխավոր քննչական վարչությունում:

Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի, հատուկջոկատայիններից մեկը նախօրեին զոհվել է:

21:28

Աթամբաևի կողմնակիցները հավաքվել են Բիշքեկի կենտրոնական հրապարակում և պահանջում են նախագահի հրաժարականը:

21:16

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի շուրջ հազար կողմնակիցներ Կոյ Տաշ գյուղում գտնվող նրա կեցավայրից ուղևորվում են Բիշքեկ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության քաղխորհրդի անդամ Ադիլ Տուրդուկուլովը:

Այս տեղեկությունը հաստատել են նաև ականատեսները: «Մարդիկ Կոյ Տաշից շարժվում են Բիշքեկի ուղղությամբ: Ոմանք մեքենաներով, ոմանք էլ երթուղային տաքսիներով: Ոմանք էլ որոշել են ոտքով հասնել», - ասել է ականատեսներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթամբաևին տեղափոխել են ՆԳՆ գլխավոր քննչական վարչություն, որտեղ պետք է հարցաքննեին նրան: Իրավիճակը նախարարության շենքի մոտ հանգիստ է: Նախկին նախագահի կողմնակիցները դեռ այստեղ չեն եկել:

Հիշեցնենք, որ նախօրեին Աթամբաևի տան մոտ սկսված գրոհը հատուկջոկատայիններն այսօր վերսկսել էին: Երկարատև բանակցություններից հետո Աթամբաևը որոշել է ինքնակամ հանձնվել իշխանություններին:  

Նշենք, որ ուժայինների և նախկին նախագահի կողմնակիցների միջև բախումների հետևանքով 85 մարդ վնասվել է: Նախօրեին հայտնի էր դարձել, որ հատուկջոկատայիններից մեկը մահացել է: